USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ...
2021-01-06 15:29:00
Տպել Տպել

Պատերազմի դեմքով 21-րդ դարի ճակատին դաջված պիտի մնա հայի նորօրյա տառապանքը...

9-րդ ա դասարանի աշակերտուհի Արինա Գրիգորյանի տողերում պատերազմի սարսափն է, ահռելի խուճապ, անհանգիստ սպասում, մեծ հիասթափություն, վերածննդի հավատ:
«2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը կհիշեմ ամբողջ կյանքում։ Կիրակի էր, բայց տարբերվող մնացած բոլոր կիրակիներից։ Այդ օրը ի չիք դարձան իմ բոլոր երազանքները, փլվեցին մարդկանց հույսն ու փափագը։
Այդ օրը իմ ամբողջ ընտանիքն արթնացավ արկերի պայթյուններից։ Ամբողջ տունը դղրդում էր, ու միակ բանը, որ հիշում եմ, քնից նոր արթնացած հորս ձայնն էր, ով անհանգիստ ու տագնապած արտասանեց երկու բառ. «Սկսվեց պատերազմը»:
Ոտաբոբիկ, գիշերանոցով իջանք նկուղ, որտեղ յուրաքանչյուր պայթյունից մեր գլխին փոշոտ ավազ էր թափվում։ Ուշքի չէի գալիս, սիրտս ահավոր արագ էր խփում: Հասկանում էի, որ վտանգավոր է ու նկուղում պետք է մնալ այնքան, մինչև կդադարի ռմբակոծությունը, բայց այն գնալով ահագնանում էր։ Մայրս մի կերպ դուրս եկավ նկուղից ու մի քանի շորեր վերցրեց։ Նստելով մեքենան՝ դուրս եկանք տնից։ Վախից ձեն-ծպտուն չէինք հանում, կուչ էինք եկել ու դողում էինք։
Հայրս ճանապարհին անընդհատ հորդորում էր չվախենալ, բայց մենք չէինք լսում ու տեսնում էինք ճանապարհի խոշոր փոսերը, որոնք արկերի պայթյուններից էին առաջացել, իսկ ռազմական օբյեկտները կորել էին ծխի մեջ։ Ամբողջ ճանապարհին մեքենաներով, ոմանք նաև ոտքով գնում էին դեպի մոտակա անվտանգ գյուղը, այնինչ թշնամու անօդաչու թռչող սարքերին հասանելի էր Արցախի ամբողջ տարածքը։ Կես ճանապարհից հայրս ետ վերադարձավ, քանի որ, ինչպես ինքն էր ասում, աշխատանքի վայրը առանց հսկողության չէր կարող թողնել։
Մենք մի քանի օր մնացինք գյուղում։ Մի օր երեկոյան մայրս դուրս եկավ գյուղամեջ ու քիչ հետո արագ տուն վերադարձավ տագնապած ու խուճապահար։ Պարզվեց՝ գյուղում կին ու երեխա չկային, միայն մենք էինք մնացել։ Հետո եկավ հայրս ու մեզ տեղափոխեց մեկ ուրիշ գյուղ` հորս ընկերոջ տուն։ Ես կուչ էի եկել բազկաթոռին և լսում էի, թե ինչպես հորս ընկերը համոզում էր, որ մեզ դուրս բերի Արցախից, բայց հայրս պնդում էր, որ այդքան վտանգավոր չէ, և որ ինքը չէր կարող բացակայել Արցախից։ Նա մեզ թողնելով այդտեղ՝ նորից վերադարձավ Մարտակերտ։ Հորս ընկերը, տուն մտնելով, հրամայեց կնոջը՝ հավաքել իրերը, երեխաներին հագցնել...Նա դիմեց նաև մորս, որ հավաքվենք, ճանապարհվում ենք Հայաստան։
Ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնում։ Լուսադեմին տեղ հասանք։ Մեզ տեղավորեցին հյուրանոցում, որտեղ մնացինք մինչև պատերազմի ավարտը։ Հորս հետ բավականին դժվար էինք կապվում, իսկ երբ հաջողվում էր հեռախոսով խոսել նրա հետ, մի քիչ թեթևացած շունչ էինք քաշում, իսկ երբ չէր հաջողվում, վատ կանխազգացում էինք ունենում, ու ամեն մեկս լռվում տան մի անկյունում։ Ես ու քույրս մեծ ենք, ամեն ինչ հասկանում ու գիտակցում էինք, բայց եղբայրս շատ փոքր է ու երբ չարաճճություններ էր անում, մենք ահավոր բարկանում էինք նրա վրա՝ չգիտակցելով, որ նա ոչինչ չի հասկանում։
Այդպես անցկացրինք պատերազմի 44 տանջալից օրերը։ Մի գիշեր պատերազմն ավարտվեց։ Նոյեմբերի 9-ին կնքվեց պայմանագիր, մի խայտառակ ու ստորացուցիչ թուղթ, որով գրաված ու չգրաված տարածքներն անցնում էին թշնամուն: Դա պատերազմից էլ ավելի դաժան մի իրողություն էր, որով ոչնչացվեց ամեն ինչ: Բոլորիս համար էլ պարզ դարձավ, որ պատերազմում չենք պարտվել, որ ամբողջ աշխարհն է ապշած մեր բանակի մարտունակության ու մեր զինվորների խիզախության վրա, որ մեզ դավաճանել են բարձրագույն իշխանավորներ, այժմ չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ հիասթափությունս...
Համոզված եմ, որ ամբողջ ազգն է անիծում նրանց, իսկ ես հավատում եմ Աստծո դատաստանին։ Ուզում եմ հավատալ, որ ազգս կվերածնվի՝ ինչպես փյունիկ, նա սովոր է դիմակայել ճակատագրի դաժան հարվածներին: Խորին համոզում ունեմ, որ մենք նորից ոտքի կկանգնենք, չէ՞ որ մենք հայ ենք»։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1467 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook