USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուսաստանը մտավ Ուկրաինա. ե՞րբ կլրանա Նիկոլ Փաշինյանի ժամկետը
2022-02-24 09:26:00
Տպել Տպել

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը, խորհրդարանում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Եվրամիությունը Հայաստանից ակնկալո՞ւմ է դատապարտում՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին, հայտարարել է, թե դա Հայաստանի կառավարության որոշելիքն է, սակայն, ըստ եվրոպացի պաշտոնյայի, մարդիկ կարող են իրենց աջակցությունը հայտնել: «Օրինակ՝ Էստոնիայում մարդիկ քայլարշավ էին կատարում Ուկրաինայի դրոշով։ Ես պետք է ասեմ, որ Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին»,-մասնավորապես՝ հայտարարել է Կալյուրանդը, որն, ի դեպ, նույն ասուլիսի ընթացքում հանդես էր եկել նաև հայանպաստ հայտարարությամբ՝ նախ՝ համոզմունք հայտնելով, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ՝ անկախ այն բանից՝ ինչ է ասում Ադրբեջանն, ապա՝ պնդել, որ գերեվարված ՀՀ քաղաքացիները պետք է անհապաղ Հայաստան վերադարձվեն:

Ուկրաինայում ստեղծված պատերազմական իրավիճակը, որքան էլ Հայաստանից աշխարհագրորեն հեռու, չի կարող ազդեցություն չունենալ մեր երկրի վրա,և տվյալ պարագայում խոսքը միայն սահմաններին տիրող իրավիճակին, Արցախին չէ, որ առնչվում է կամ այն հարցին, թե կլինի՞ նոր պատերազմ, թե ՞ոչ:

Աշխարհը երկփեղկվել է, և հիմա հասունացել է պահը՝ կողմնորոշվելու՝ որ երկիրը որ կողմի հետ է:
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում չկա Դոնբասի ու Լուգանսկի ճանաչման հարց, միաժամանակ ՀԱՊԿ քարտուղար Զասը օրեր առաջ չէր բացառել, որ ՀԱՊԿ-ը, որտեղ այս փուլում նախագահում է Հայաստանը, կարող է խաղաղապահներ մտցնել Ուկրաինայի տարածք:
Չնայած կարող է թվալ, թե Հայաստանը այնքան էլ ազդեցիկ խաղացող չէ, ուստի՝ աշխարհում կատարվողի վերաբերյալ ՀՀ կառավարության հստակ դիրքորոշման արտահայտումը կարող է այնքան էլ էական չլինել նույն այդ աշխարհի համար,սակայն ակնհայտ է,որ ստեղծված իրավիճակում թե՛ փոքրերը, թե՛ մեծերն, այսպես, թե այնպես, ստիպված են լինելու հստակեցնել իրենց իրավիճակի վերաբերյալ, որ, ըստ որոշ գնահատականների, կարող է վերաճել նոր համաշխարհային պատերազմի:
Բայց իրավիճակը հետաքրքրական է ոչ միայն արտաքին, այլև հայաստանյան ներքաղաքական տեսանկյունից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարոթյան ճակատագրի: Այդ ճակատագրի հարցում, ինչպես հայտնի է, առաջնային նշանակություն ունեն արտաքին խաղացողները, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի հնարավորությունների օբյեկտիվ նկարագրից, այլև ներկայիս կառավարության ծագումնաբանության խնդրից: 2018-ի հեղափոխությունը դրսի ուժերի սցենարն էր՝ կիրառված Հայաստանում, և եթե նույն այդ դրսի ուժերը Փաշինյանին չլեգիտիմացնեին, հիմա բոլորովին այլ տեղում էին լինելու թե՛ Նիկոլը, թե՛ նիկոլականները:
Փետրվարի 22-ին կնքված ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագիրը դեռևս պատշաճորեն չի վերլուծվել մեզանում: Փաստն այն է, սակայն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին, ինչը, մեղմ ասած, չի կարող չանհանգստացնել՝ հատկապես հաշվի առնելով նույն այդ համաձայնագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ընդգծված դրույթները, որի երաշխավորն է դառնում այլևս ոչ միայն ազերիական բանակն, այլև Բաքվի նորաթուխ դաշնակից Ռուսաստանը,և սա՝ այն դեպքում,երբ Արցախի խնդիրը մնում է չլուծված, կարգավիճակի հարցն էլ՝ բաց: Թեպետ որոշ շրջանակներ շտապում են հայտարարել, թե այդ դաշինքն ուղղված չէ Հայաստանի դեմ, և դրանով ՌԴ-ն ընդամենը հակակշռում է Թուրքիային, սակայն ակներև է, որ իրավիճակն իսկապես զգայուն է Երևանի համար,որի դաշնակիցը,փաստորեն, դարձել է դաշնակիցը նաև ոխերիմ թշնամու համար:

Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից է՛լ ավելի է մեծանում այն դեպքում, երբ բացարձակապես պարզ չէ, թե ինչ է այս իրավիճակին հակադրելու Արևմուտքը՝ գոնե ինչ-որ չափով սեփական ազդեցության ծիրում պահելու Հայաստանը, տալու Հայաստանին մանևրելու հնարավորություն՝ հարկ եղած դեպքում:
Ակնհայտ է,որ Փաշինյանը չունի իրական ռեսուրս՝ հարյուր տոկոսով անցնելու Ռուսաստանի ճամբար կամ էլ բացահայտորեն հայտարարելու նույն Ուկրաինային սատարելու մասին՝ չնայած որ նրա թիմում քիչ չեն այնպիսիք, որոնց կենսագրությունը լի է հակառուսական արկածներով: Գուցե նախքան ուկրաինական իրադարձությունները Փաշինյանը կարողանում էր խաղալ երկու լարի վրա՝ բավարարելով նաև սեփական թիմում ծվարած հակադիր հոսանքների պահանջները, սակայն այժմ հասունացել է պահը՝ կոմպլեմենտարիզմին վերջ տալու, ինչը կարող է ցավալի հետևանքներ ունենալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար:
Եթե Փաշինյանը հայտարարում է Ուկրաինային աջակցելու մասին, ապա դա կարող է լինել եթե ոչ Հայաստանի, ապա առնվազը ներկա իշխանությունների վերջը՝ նկատի ունենալով ՌԴ հսկայական ազդեցությունը Հայաստանի վրա հատկապես հետպատերազմյան փուլում: Իսկ եթե ՀԱՊԿ նախագահը Հայաստանը հայտարարում է Ռուսաստանին միանալու մասին, ապա անխուսափելիորեն առաջ են գալու լրջագույն հետևանքներ: Հայաստանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ, մեկուսացվել և այլն: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու խուսափել հենց իր թիմի ներսում հնարավոր սաբոտաժից՝ նկատի ունենալով, ինչպես վերը նշվեց, դրա մի մասի կազմը: Հայաստանում կարող է տեղի ունենալ պալատական հեղաշրջում, որի արդյունքում իշխանության կարող են գալ Ռուսաստանում ըմբռնում չգտած դեմքեր՝ հարցականի տակ դնելով նույնիսկ ՀՀ տարածքաին ամբողջականությունը:
Պատկերը թվում է պրիմիտիվության աստիճան նշմարելի, պատկերացնելի ու կանխատեսելի, ինչը հարց է առաջ բերում՝ ի՞նչ խաղաքարտերով է այժմ Նիկոլ Փաշինյանը նստում սեղանին:

Իրականում Նիկոլ Փաշինյանի վիճակը, հմտորեն ճարպկելու պարագայում, կարող է և այնքան էլ անելանելի չլինել: Նրան կարող է օգնության հասնել այն թրքասիրությունը, որը նա այժմ հմտորեն վաճառում է Արևմուտքին, և որի արդյունքն է, օրինակ, փետրվարի 24-ին Վիեննայում կայացած Ռուբինյան-Քըլըչ հերթական հանդիպումը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանից Արևմուտքի ունեցած հիմնական ակնկալիքը ոչ թե հակառուսական հստակ արտահայտված կեցվածքն է, որի ռեսուրսը և որևիցե հայաստանյան ղեկավար ուղղակի չունի, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների ապասառեցումը, արևմտյան այդ օրակարգի սպասարկումը, ինչն էլ, Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, անում է՝ դա հաջողությամբ վաճառելով նույն Արևմուտքին բավական թանկ գնով: Հայաստանում տիրող հակաժողովրդավար իրավիճակը, նույն դատաիրավական համակարգում տիրող քաոսը կամ խոսքի ազատութան, լրագրողների դեմ սանձազերծված անթաքույց հալածանքները խոշոր հաշվով աննկատ են մնում արևմտյան կենտրոնների կողմից, իսկ Հայաստանն էլ ճանաչվում է ժողովրդավար ու թափանցիկ՝ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Կալյուրանդի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի հարցում հայաստանին որևիցե վիտալ որոշում չի պարտադրվելու, ինչն, իհարկե,ունի իր գինը,և այն ավելի քան հստակ է: Երևանը չպետք է դառնա թրքական կոկորդում մխրճված ոսկոր ու պանթյուրքիզմի դեմ պատվար՝ մի բան, որին ներկայիս իշխանությունները միանգամայն համաձայն են՝ թքած ունենալով այս հարցում հայ ժողովրդի բոլոր հատվածների կարծիքի վրա, արհամարհելով նույն Սփյուռքի դիրքորոշումն, անտեսելով այն փաստը, որ այդ «երկխոսությունը» տեղի է ունենում թուրք-ադրբեջանական օրակարգով:
Միևնույն ժամանակ էական հարց է այն, թե ի՞նչ իրական կարծիք ունի Մոսկվան՝ հայ-թրքական հաշտեցման հետ կապված՝ նկատի ունենալով այն,մոր այդ օրակարգի իրական հեղինակը ոչ թե Մոսկվան է, այլ Արևմուտքը՝ չնայած պաշտոնական Կրեմլի որդեգգրած առերևույթ դրական կեցվածքին: Այլ կերպ ասած՝ Մոսկվան համաձա՞յն է Փաշինյանի թրքահաճո ռևերանսներին, թե՞ այդ ոչ նյարդային կեցվածքը միայն խաղաղ օրերի համար էր, իսկ հիմա, երբ բախվում են ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն, իսկ նույն Մոսկվան, ինչպես հայտնի է, խնդիր է դրել հետխորհրդային երկրների վրա ՆԱՏՕ անդամ երկրների ազդեցության չեզոքացման, Փաշինյանի օրակարգը կարող է ժամանակավրեպ դառնալ՝ նկատի ունենալով Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ հանդիսանալը:
Վերջնախաղն, իհարկե, դեռևս առջևում է, սակայն հետզհետե մշուշոտ են դառնում ներկայիս կառավարության՝ իշխանության մնալու հեռանկարները՝ նկատի ունենալով հատկապես այն սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վատթար վիճակը, որ տիրում է հետպատերազմյան Հայաստանում: Փաշինյանն արագորեն զրկվում է ներքին հենարանից, իսկ արտաքին ճակատում նրա ռեսուրսն այլևս սպառվում է՝ օրախնդիր դարձնելով նրա քաղաքական ապագայի հարցը:

Այս նյութը դիտել են - 4872 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook