USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց ավելի լավը կդարձնենք
2016-02-27 09:04:00
Տպել Տպել

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, եւ մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձեւակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությանը քննադատած, իշխանության քաղաքականությունը չկիսող կուսակցությունը համագործակցության գնում նույն իշխանության հետ:

Այս քննարկումների գագաթնակետը դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, եւ Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Հանուն հայրենիքի, բնականաբար: Դաշնակցականների այս եւ մնացած հայտարարությունների իմաստը հետեւյալն էր. իշխանությունը վատն է, մենք՝ դաշնակցականներս՝ լավը, եւ համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց՝ հանրապետականներին, ավելի լավը կդարձնենք: Մոտեցում է, որն առնվազն կյանքի իրավունք ունի:

Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի եւ լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ: Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երեւույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է:

Դրա համար բավական է հետեւել, թե ինչպես է վերջին երկու օրերին փոխվել մշտապես իր բարեկրթությամբ առանձնացած գործչի խոսքի բովանդակությունն ու տոնը հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե ինչպիսի հանդիմանանքով է նա սկսել խոսել լրատվամիջոցների հետ:

Բայց եթե խոսքի տոնայնության փոփոխությունը կարելի է վերագրել իշխանությանը մաս կազմելուց հետո դաշնակցականների մոտ առաջացած բարձր տրամադրությամբ եւ դրա հետեւանքներով, ապա նույնը դժվար է ասել նրանց ասածի բովանդակության մասին:

«1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»,- հենց այսպես, առանց այլեւայլությունների՝ ասում է Ա. Ռուստամյանը: Անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականներն են Հայաստանում քաղբանտարկյալների մասին գնահատականներում փորձում մի քիչ կոռեկտ գտնվել: Որովհետեւ առնվազն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եղել են առնվազն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ, եւ որեւէ մեկն ուղղակի պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:

Բայց իշխանությունը, ինչպես ասում են, հաճախ կուրացնում է: Կան կարծիքներ, որ իշխանությունն ազդում է նաեւ հիշողության, իրականության համարժեք գնահատման վրա: Իհարկե, չպետք է բացառել, որ այն, ինչով այսօր զբաղվում է Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, որը, սակայն, տեղ չի գտել ստորագրված փաստաթղթում:

Հնարավոր է՝ իրենց տրված պորտֆելների դիմաց դաշնակցականները պարտավորվել են իրենց այնպես պահել, որ նրանց համեմատությամբ՝ հանրապետականները դառնան ժողովրդավարության ու արդարամտության իսկական ջահակիրներ: Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում»:

Այս նյութը դիտել են - 1299 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook