Սերժ Սարգսյանը խախտում է հենակետերը
ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելով ֆինանսների նախարարությունից վերստին բաժանված այդ կառույցի նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հովսեփյանը բավական ծանոթ է համակարգին, քանի որ լինելով նախագահի վերահսկողական ծառայության պետ, աշխատանքի բերումով սերտ առնչվել է հարկային ու մաքսային կառույցներին:
Այդուհանդերձ, չնայած դրան, Հովհաննես Հովսեփյանի նշանակումը աչքի է ընկնում նրանով, որ Հովսեփյանը փաստացի լինելով Հայաստանում իշխող համակարգի տիպիկ ներկայացուցիչ, այդուհանդերձ դուրս է «սխոդկայի» շրջանակից: Դա այն շրջանակն է, որը կարծրացել է անցնող երկու տասնամյակի ընթացքում եւ ձեռք բերել տնտեսական ու քաղաքական իշխանությունը:
Հովհաննես Հովսեփյանը միլիոնատեր պաշտոնյաներից մեկն է Հայաստանում, անկասկած բիզնեսի եւ իշխանության սերտաճման վառ ներկայացուցիչ է, բայց նա դուրս է «սխոդկայի» շրջանակից: Ինչ խոսք, նա նաեւ բոլորովին Գեւորգ Կուտոյան չէ, որին Սարգսյանը նշանակեց ԱԱԾ պետ: Կուտոյանը այլ կատեգորիա եւ տեսակ է, գոնե առայժմ: Բայց, հատկանշական է, որ ազգային անվտանգության առաքելությամբ նշանակվում են երկու պաշտոնյաներ, որոնք լինելով տարբեր տեսակի եւ իմիջի, ընդհանուր առմամբ աչքի են ընկնում «սխոդկայի» շրջանակից դուրս գտնվելու հանգամանքով:
Իսկ որ ՊԵԿ-ը եւս ստացել է ազգային անվտանգության առաքելություն, բառացի հաստատեց Սերժ Սարգսյանը Հովհաննես Հովսեփյանին ներկայացնելիս:
Իսկ «սխոդկայի» շրջանակից դուրս գտնվելու հանգամանքը առանցքային է ներկայիս փուլում, որում ձեւավորվում է Հայաստանի ոչ միայն նոր իշխանությունը, այլ փաստացի նաեւ նոր համակարգը:
Խնդիրը բոլորովին այն չէ, որ որեւէ մեկը կարող էր այդ պաշտոնում չկատարել Սարգսյանի հանձնարարությունը, իսկ նոր նշանակված Հովսեփյանը կատարելու է: Այսինքն, այստեղ վստահելիության խնդիրը չէ առաջնայինը: Հազիվ թե Գագիկ Խաչատրյանին Սերժ Սարգսյանը վստահեր ավելի պակաս, քան Հովհաննես Հովսեփյանին:
Ավելին, եթե խնդիրը դիտարկենք մեկ այլ կողմից, ապա այստեղ Սերժ Սարգսյանը նույնիսկ օգնել է Գագիկ Խաչատրյանին՝ նրա վրայից հանելով ծանր տնտեսական իրավիճակում բյուջե հավաքագրելու բարդ խնդիրը:
Այդպիսով, խնդիրը խորը հոգեբանական-արժեքային է: Հայաստանի իշխանությունը գերազանցապես շահի վրա հիմնված իշխանություն է, որի գերնպատակը կամ միակ նպատակը նյութական բարիքների բաժանումն է այդ իշխանության տարբեր սեգմենտների միջեւ:
Այդուհանդերձ, ցանկացած համակարգ ամուր է, երբ շահը գտնվում է որեւէ արժեքային հենքի վրա: Դա կարող է չլինել արդիական արժեք, համամարդկային արժեք, ստեղծագործական արժեք, բայց արժեքային հենքը անխուսափելի է: Հայաստանի իշխանության արժեքային հենքը «օջախային-ախպերականն» է: Եվ սա շատ բան է որոշում ներիշխանական հիերարխիայում: Այդ հիերարխիան չի կառավարվում լոկ մեկ անձի հրամաններով կամ ցանկություններով, այն կառավարվում է արժեքային հենակետերով:
Դրանք որոշում են հարաբերություններ, թելադրում են հնարավորն ու անհնարը, սահմանում են համակարգի ներսում կարելին եւ «չի կարելի»-ն:
Սերժ Սարգսյանը փորձում է «սխոդկայի շրջանակից» դուրս իր նշանակումներով խախտել այդ հենակետերը՝ արժեքային որոշակի արգելքներ առավել հաղթահարելի դարձնելու եւ իրեն գործունեության ավելի մեծ ազատություն տալու համար:
Թե ինչի համար է Սերժ Սարգսյանը խախտում համակարգի արժեքային հենակատերի դասավորությունն ու ամրությունը, առավել պարզ կլինի 2017-ի խորհրդարանի ընտրությունից հետո: Առայժմ նա այդ քայլերն անում է ընտրության համար, բայց ընտրությունը ոչ իբրեւ նպատակ, այլ իբրեւ միջոց: