USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մինչ մարզային կառույցները շռայլորեն վատնում են պետական բյուջեի միջոցները, բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում ...
2016-03-27 02:59:00
Տպել Տպել


«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընթացիկ տարվա համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացված գնումները:

Այսօր անդրադարձել ենք ՀՀ Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզպետարանների կատարած գնումներին եւ պարզել, որ այս կառույցները եւս բենզինի գնման գործընթացում զգալի գերավճարներ են կատարել:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 16.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, որի դիմաց վճարել է մոտ 7 մլն 200 հազար դրամ: Ինչպես մյուս պետական կառույցները, այնպես էլ Վայոց ձորի մարզպետարանը բենզինը գնել է թանկ գնով՝ 1 լիտրը 430-ով: Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով: Իսկ ավտոմեքենայի շարժիչի կիսասինթետիկ յուղի համար հատկացվել է 200 հազար դրամ, սինթետիկ յուղի համար՝ 300 հազար դրամ: Ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար հատկացվել է 1 մլն 512 հազար դրամ: Իսկ մեքենաների ապահովագրական ծառայությունները արժեցել են 320 հազար դրամ:

Ինչու է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը 430 դրամով գնել մեկ լիտր բենզինը, այն դեպքում, երբ այն վաճառվում է 380 դրամով: Մեր այս հարցին ի պատասխան՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ասաց. «Մրցույթ է հայտարարվել, ով հաղթել է, հենց այդ ընկերությունից էլ գնվել է բենզինը: Այդ բենզինի գնումը կատարվել է այն շրջանում, երբ բենզինի գներն ավելի թանկ էին: Այդ պահի դրությամբ, երբ մենք կատարել ենք գնումը, բավականին գումար է տնտեսվել: Օրինակ՝ մարզպետարանը փետրվարի 10-ին է բենզին գնել եւ մեկ լիտրի դիմաց վճարել է 330 դրամ»:

Ըստ Վայոց ձորի մարզպետի՝ բենզինի գնման գործընթացում մարզպետարանի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 1.5 մլն դրամ»: Ի դեպ, Վայոց ձորի մարզպետարանն ունի 6 ծառայողական մեքենա: Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր ծառայողական մեքենայի օրական հատկացվում է մոտ 13 լիտր բենզին, որը բավարար է 120-150 կմ վարելու համար: Արդյոք մարզային պաշտոնյաներն օրական այդքան ճանապարհ կտրում են. այս հարցի բացասական պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ վարձերից միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար վճարել է մոտ 5 մլն 200 հազար դրամ, տեղային հեռախոսային ծառայությունների համար՝ 700 հազար դրամ, խմելու ջրի համար՝ 130 հազար 500 դրամ, գազի համար՝ 3 մլն 83 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 7 մլն 300 հազար դրամ: Բացի այս՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է նաեւ այլ ապրանքներ՝ զուգարանի թուղթ, էլեկտրական լամպ, ավել, օճառ, փոշու հավաքման կտորներ եւ այլն:

Մարզի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների պահպանման աշխատանքների համար հատկացվել է 72 մլն 100 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կողմից ընթացիկ տարվա համար կատարված գնումները եւ պարզել, որ Արագածոտնի մարզպետարանը նույնպես բենզինի գնման գործընթացում գերավճարներ է կատարել: Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը գնել է ավելի քան 7.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ մոտ 7.5 մլն դրամով: Իսկ մեկ լիտրի դիմաց վճարել է 420 դրամ: Թեպետ նկատենք որ, Վայոց ձորի համեմատ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը 10 դրամով էժան է գնել բենզինը: Շարժիչի կիսասինթետիկ յուղի համար վճարվել է 192 հազար դրամ: Նաեւ գնվել են 16 հատ ավտոմեքենայի անիվներ՝ 630 հազար դրամով: Իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար հատկացվել է մոտ 1 մլն դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 320 հազար դրամ:

Նկատենք, որ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ տարվա կոմունալ վարձավճարների չափը զգալիորեն ավելի մեծ է. միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար հատկացվել է մոտ 6.5 մլն դրամ, խմելու ջրի համար՝ 175 հազար 500 դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 15.5 մլն դրամ: Պաշտոնական փաստաթղթերից պարզ չի դառնում, թե ինչու է նշված կառույցը այդքան գումար հատկացրել կոմունալ վարձերի համար:

Այսպիսով` մինչ մարզային եւ համայնքային կառույցները շռայլորեն վատնում են պետական եւ համայնքային բյուջեների միջոցները, մարզերում եւ համայնքներում բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում, ենթակառուցվածքնեերի եւ ճանապարհների վիճակն էլ` ավելի վատանում: Սակայն դա կարծես թե բոլորովին չի մտահոգում իշխանություններին, որոնք առայժմ ակտիվ են խնայողությունների մասին հայտարարություններ անելու հարցում միայն, իսկ գործնական քայլերում` երբեք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1360 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook