Սպիտակի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն Գյումրիի տնակային ավանում ապրող Վիրաբյանների համար բարեկեցիկ կյանքով ապրելը դեռեւս երազանք է. նրանք շատերի նման տնակները լքելու որեւէ տարբերակ չունեն: 27 տարիների ընթացքում տնակները քայքայվել են`քայքայելով տնակատերերի նյարդերն ու առողջությունը:
Երկրաշարժից տուժած 63-ամյա Ջեմմա Վիրաբյանը ցավով է հիշում աղետի հետեւանքով ունեցած կրկնակի կորուստը` ամուսնու եւ դստեր դիրերը փլատակների տակից է հանել:
«Վիշտս մեծ է, ես չգիտեմ ինչպես եմ կարողացել առաջ գնալ այդքանից հետո, բայց հիմա էլ նույն պայմաններում եմ ապրում, ապրում եմ` չգիտեմ ինչի մեջ: Միայն երազում եմ, որ մեռնելուց առաջ գոնե իմ իսկական տունն ունենամ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջեմմա Վիրաբյանը:
90-ակաների մութ ու ցուրտ տարիները Ջեմմա Վիրաբյանի համար եւս կորստաբեր են եղել` կորցրել է անչափահաս որդուն:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, երկրաշարժը իր գործը իմ կյանքում մինչեւ վերջ արեց, տղաս 15 տարեկան էր 94 թվականին մահացավ հոսանքահարվելուց: Գնացել էր այս ցուրտ դոմիկը տաքացնելու համար փառելափայտ բերելու, ճակատագիրը ինձ կրկին հարվածեց»,-պատմեց տիկին Ջեմման:
Տիկին Ջեմման տնակում ապրում է որդու, հարսի եւ երեք անչափահաս թոռների հետ, եւ հույս ունի, որ մի օր քարաշեն ու տաք բնակարան կունենան: Կյանքի մի մեծ հատվածն անտուն անցկացրած Վիրաբյանների ընտանիքը աղետից անօթևան դարձած բախտակիցների պես ամենօրյա պայքար են մղում անրձևաջրերի, ցրտի, առնետների ու տարատեսակ դժվարությունների դեմ:
«Օր օրի կքանդվի դոմիկը, ժեշտերը փտել են ու էլ չեն դիմանա, մենք չենք դիմանա իրանք ինչղ դիմանան: Բայց դե յոլա ենք գնում, մի օր լացելով, մի օր ժպտալով օրը մթնում է: Մենակ կուզեի` մեր պատգամավորները գոնե մի օր գան ու ապրեն այստեղ, տեսնեմ` կենդանի կմնա՞ն, իհարկե, չէ: Այ հենց դրա համար պետք է հավասարություն լինի, սուտ է, կուշտն ի՞նչ գիտե, սովն ի՞նչ է»,-ասաց տիկին Վիրաբյանը:
Վիրաբյաններն ընդգրկված են բնակարան ստանալու լրացուցիչ հերթացուցակներում: Տիկին Ջեմման ասում է` ինքն արդեն ծեր է, եւ հաշտվել է տնակային ծանր պայմաններին, երեք թոռների մասին է մտահոգվում, ուզում է, որ նրանք չզգան այն, ինչ ինքն է այս 27 տարիներին զգացել: