USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, նաև այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կեցավայր
2016-07-02 23:16:00
Տպել Տպել

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում և ընդգծել, թե լիահույս է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և շնորհավորանքի համար: Նա նշել է, որ անցած քսանհինգ տարիներին ուշադրությամբ հետևել է Հայաստանի զարգացումներին և համակարծիք է Նախագահ Սարգսյանի հետ՝ այդ ժամանակաշրջանում Հայաստանի արձանագրած ձեռքբերումների հարցում: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները, իրավամբ, կարող են հպարտանալ անցած քառորդ դարի ընթացքում թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում Հայաստանում արձանագրված առաջընթացով, և ուրախ է, որ այդ ամենում ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել ԱՄՆ կառավարությունն ու ժողովուրդը:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:


«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Եկող տարվա սկզբին նշվելու է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հետադարձ հայացք նետելով անցած ուղու վրա՝ մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ աչքի են ընկել ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Մենք բարձր ենք գնահատում այն զգալի աջակցությունը, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարաբնույթ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմնվելով տարիների արդյունավետ փոխգործակցության ավանդույթների և մեր հարաբերություններում առկա պատկառելի ներուժի վրա` Հայաստանը պատրաստակամ է անել հնարավորը հայ-ամերիկյան բարեկամության ու սերտ գործընկերության առավել խորացման ու զարգացման ուղղությամբ:
Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում: Ինչպես համանախագահ երկրները, մենք ևս խորապես համոզված ենք, որ 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը ամուր հիմք կհանդիսանան բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համար: Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին նորանոր հաջողություններ և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Այս նյութը դիտել են - 2010 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook