Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների իրավական հետևանքների մասին խոսելը վաղ է, քանի որ կատարվածում փաստաբանը տեսնում է նաև բեմադրություն. «Սա ինչ-որ մի պատվեր էր։ Իմ կարծիքով` ապրիլյան դեպքերից հետո մեր տարածաշրջանի խաղացողները չէին հաշվարկել մեր ազգային ոգին, ու ինձ թվում է՝ սա ապրիլյան երևույթների հետևանք էր»։
168.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե այս ամենը բեմադրված է, նա պատասխանեց. «Այս ամենն ի սկզբանե եղել է բեմադրություն, բայց «Սասնա ծռերի» տղաները տեղյակ չեն եղել դրա մասին: Դրա մասին տեղյակ չեն եղել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտոնյաներ:
Այդ ամբողջ ընթացքում մենք չտեսանք ոստիկանապետին, գլխավոր դատախազին, երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ կազմին: Բժիշկներին պատանդ պահելը ևս ինչ-որ քարոզչություն էր, որովհետև նրանք նշում են, որ դուրս են եկել այն ժամանակ, երբ տղաները քնած էին»:
Նա հավելեց, որ այս դեպքերի մեջ բավական շատ բաց հարցեր կան: Իսկ «Սասնա ծռերի» գործողությունները նա չի համարում ահաբեկչական՝ նշելով, որ ավելի շատ ոստիկանների գործողությունները կարելի է ահաբեկչություն համարել։