«Պռապուսկատի» տեսություն եւ պրակտիկա-2
Ինչպես գրում է «Ալյանս» կուսակցությունից Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բադալյանի անունով գրանցված fact.am կայքը, Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը իրենց լրագրողին ասել է, թե … «…. ԳԱԼԱ-ի տիրոջ ստորությունն ինձ համար նորություն չէ, հիմա շատ չեմ ուզում ծավալվել, ասեմ ընդամենը, որ ջահել ժամանակներից նա մեր հաճախորդն է եղել և հիմա վրեժ է լուծում այն ստորացումների համար, որ երևի կրել է, երբ գալիս էր իր ընկերների մասին բաներ պատմելու: Առայժմ այսքանը, եթե չի հասկանա, կասեմ ավելին»:»:
Ինչու է ասե՞լ:
Որովհետեւ ԳԱԼԱ-ի լրագրողը մի քանի օր առաջ հաղորդումներից մեկում ասել է, թե ահազանգ կա, որ Շահնազարյանի տիկինը հաճախ է բացակայում աշխատանքից:
Ուշադրություն դարձրեք. ասել է ԶԼՄ լրագրողը, այս մարդը պատասխանում է ԶԼՄ տիրոջը, ով Գյումրու քաղաքապետի մեկ այլ թեկնածու է: Օրենքով կարող էր հերքում պահանջել, պատասխան տալ նույն ԶԼՄ-ով, չէ, այդպես չի արել, այդպես ձեռնտու չի եղել: Նպատակահարմար է գտել ոչ թե ասուլիս տալ ու սիրտը բացել տեղական զլմ-ների առաջ, այլ վերցրել թեկնածուի կայքում այս տեսակ բան է հրապարակել:
Ով է Շիրակ Շահնազարյանը: Սա երկար պատմություն է, գյումրեցիք գիտեն ով է, ով հետը գործ է ունեցել դրա միլիցա եղած ժամանակ, շատ լավ հիշում է, ամեն երեկո գլուխները բարձին դնելուց եւ առավոտ զուգարան գնալուց հիշում են, հիմա չեմ մանրամասնի, ասեմ, որ Նադարյանից լավը կամ լավը չէ, օր ծերության հաջողացրել է հանգրվանել Գյումրու քաղաքապետարանի շվաքում, մեզնից ռոճիկ ստանալ, տիկնոջն է հարմար տեղավորել, ու … համատիրություններով է զբաղվում, մոնիտորինգ է անում, շուտով կիմանանք` ինչ է մոնիտորել, ինչ է բացահայտել, ինչ չի բացահայտել, ոնց են համատիրություններն օգտագործել քաղաքապետարանի փողերը եւ այլն:
Ես հիշում եմ, որ տարիներ առաջ, սրան ոստիկանական համակարգից պարբերաբար հանում ու ետ էին առնում, դուրներն եկել էր երեւի, պետք էր գալիս: Հետո մի անգամ մարզպետարանի դռան առաջ հարձակվեց տեղական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող օպերատորի վրա, ցույց նկարող օպերատորի տեսախցիկը փակեց, վերցրեց, տարավ հեռու, այդպիսով խոչընդոտելով նկարահանումները (ՀՀ Քր. օր. 164 հոդված.), բողոքեցինք, վերջը հանեցին, ասին` գնա մեկ այլ ճանապարհով, չասին, իհարկե, որ էդ պատճառով են հանել, քրեական գործ չհարուցեցին: Հետո էդ հեռուստաընկերությունը, ասաց, որ ինքը Շահնազարյանի հետ խնդիրներ չունի ☺ Լինում է, գիտեի էլ, որ այդպես է լինելու:
Կարո՞ղ էր առանց քաղաքապետի մեկ այլ թեկնածուի` Սամվել Բալասանյանի, իմացության եւ թույլտվության նման բան զառանցել այս մարդը: Տեսականորեն կարող էր, իհարկե, ասենք, որոշել է, որ ինքն էլ վատ թեկնածու չէր լինի, ու իրեն չեն թողել առաջադրվել, զայրացել է … Գործնականում չէր կարող, ով-ով, բայց Բալասանյանը հասկանում էր, թե ինչ պտուղներ կարող էր տալ սրա սկսած քֆուրաքարոզը:
Շատ կոնկրետ հավասարակշռություն է խախտվել, եթե մինչեւ հիմա չեն հասկացել. լրագրողը քննադատել է վարչարարությունը, այս մարդը զրպարտել է քաղաքապետի թեկնածուին, ԶԼՄ տիրոջը: Կարո՞ղ է մտքերով անցել է, թե որոշ ԶԼՄ-ների կարող են փողով լիքը պատվեր տալ, առնել ու ծախել, բայց չեն կռահել, որ մի ամբողջ հեռուստատեսություն ու կայք կապում են իրենց գլուխը, չհաշված գյումրեցոնց քֆուրները: Կարո՞ղ է մտածել, շատ են մտածել, հասկացել են, որ սրան պտի մեյդան գցվի, որ ավելի լավ է ԳԱԼԱ ՀԸ-ն միայն սրանով զբաղվի ու մոռանա քաղաքապետարանը, վարչարարությունը, մոնիտորինգի բաժինն ու համատիրություններին: Սխալվել են: Եթե քաղաքապետի նախաձեռնությունը չէ Շահնազարյան Շիրակի բերանը լեզու դնելը, ապա 1-2 օրը հերիք է սրան սաստելու եւ այդ մասին հանրությանը զանազան եղանակներով տեղեկացնելու համար:
Անգամ, եթե մոռանանք, որ սա նախկին մենթ է, եւ փորձենք հասկանալ ասածը: Ինչքան էլ չարչարենք մեզ, չենք կարողանա գնահատել սրա մտքերը պակաս, քան որպես զրպարտություն: Կոնկրետ մարդուն առանց հիմքերի վերագրել է վարկաբեկող եւ նվաստացնող արարք. « … ջահել ժամանակներից նա մեր հաճախորդն է եղել (միլիցիա/ոստիկանություն ի նկատի ունի.-Լ.Բ.) և հիմա վրեժ է լուծում այն ստորացումների համար, որ երևի կրել է, երբ գալիս էր իր ընկերների մասին բաներ պատմելու:»: Այսինքն, իր ասելով, Վահան Խաչատրյանը իր մոտ պարբերաբար գնացել եւ իր ընկերների մասին այնպիսի տեղեկություններ է տվել, որի համար նրան ստորացրել են կամ ստորացման արժանի է եղել:
Մենթական լեզվով, եթե խոսեր, կասեր «գործ տվող է եղել», պաշտոնական լեզվով` գործակալ:
Իր համար ամեն ինչ այնպես տխուր չէր լինի, եթե Շահնազարյանը կարողանար նման բան ապացուցել: Իմ թաղային դաստիարակությունը թույլ չի տալիս էս տեսակ բաներ խոսողներին լուրջ ընդունել, քանի դեռ չի հիմնավորել ասածները, ու քանի դեռ չի հիմնավորել, մեր քաղաքում սրանց արժանապատիվ մարդ չեն համարում, թե ինչ են համարում, չասեմ` դեմը Նոր տարի է` ախորժակներդ չփակվի: Բայց դա իր համար նորություն չէ, ըստ ամենայնի, ճիշտ է հեռվից եկած մարդ է, բայց մեր քաղաքի բառապաշարին ու մտածողությանը ծանոթ է: Այս տեսակ բաներ ասելը նույնն է, թե ասեմ` ամեն երեկո Շահնազարյանը Շիրակը հատուկ ինձ համար բիկինիով շպագատ է իջնում Գյումրու Վարդանանց հրապարակի Վարդան Մամիկոնյանի թրի ծերին … ու կույս է մնում: Խո չցավա՞ց, Տիար …:
Ի դեպ սա որոշ քոքված մենթերի հնարքներից է, իմ մասին էլ են ասել, երբ տարած փակած են եղել «ներսում է` զրուցում ենք», «ինքն է եկել խնդրել է մեզ հետ զրուցել», ընկերներիս մասին էլ են ասել տարիներ շարունակ, երբ գնացել ենք մենթանոցներից հանենք անօրինական կերպով այնտեղ տարվածներին.«Ինքն է եկել, ինքն է խնդրել, որ ընդունեմ,… շուշուտ է գալիս, զրուցում ենք, պարբերաբար»: Մարդկանց վարկաբեկելու սրանց էս բոզական հնարքները նորություն չեն: Էս մարդն ուղղակի չի ջոկել, որ ժամանակները փոխվել են ու իրպեսներից վախեցողները մնացել են միայն իրենց համակարգում կամ կողքուբոլորը: Իսկ սա իր բարքերն առել, եկել, խցկվել է քաղաքապետարան ու իմ հարկերից փող է ստանում:
Էս անձնազոհ միլիցին երեւի գիտե, թե իր պագոնների տակ իր մենթանոցում վեր է ընկած, վերջում որոշում է սպառնալ ու շանտաժել.«Առայժմ այսքանը, եթե չի հասկանա, կասեմ ավելին» Չի բացատրում, թե որ հասկանա` ինչ պիտի անի կամ չանի նա, ում զրպարտում է: Մարդ ուզում է ոտներն ընկնել.-բայց, ազի՜՜զ, կարեւորը քո վրեժը չէ, ախր, կարեւոր է, որ մարդիկ իմանան թեկնածուների մասին ամեն ինչ, որ սխալ ընտրություն չկատարեն, ասա էլի, խոսիր, այ ոսկեբերան …
Այսպիսով, քարոզարշավը դեռ չսկսված առաջինը Գյումրու քաղաքապետարանի նյարդերը տեղի տվեցին, բացի այն, որ բացահայտվեց քաղաքապետի թեկնածուներից մեկի` Արմեն Բադալյանի բալասանյանական լինելը, քաղաքապետ Բալասանյանի անմիջական ենթական ներքաշվեց ընտրապայքարի մեջ` գոտկատեղից ցած հասցրած հարվածով: Ամեն ինչ գին ունի, ապշելու բան է, որ վաստակավոր ոստիկանն անտեղյակ է էս կանոնին: Քարոզչական պատերազմ էին ուզում երեւի ինչ-ինչ հաշվարկներով` ստացան: Վերջում էս մասով տուժողը Շահնազարյանն է լինելու, ում, ամենայն հավանականությամբ, շատ ցավոտ օգտագործեցին: Իհարկե, կփորձեն էս տեսակ հաչը հակադրել ԳԱԼԱ ՀԸ-ի վերջին օրերի քննադատություններին Սաշիկի ախպորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացնելու եւ քաղաքապետարանի վարչարարության թերացումների մասին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնի նման զրպարտությունը:
Կասկած ունեմ, թե Շահնազարյան Շիրակը տեղյակ չէ, որ արդեն 6 տարի է ինչ զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացվել է, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն դատապարտելի չէ, ու իրավապահ համակարգը չէ, որ քաղաքացիների բողոքների հիման վրա կամ ինքնուրույն պիտի զբաղվի հրապարակային վիրավորանքի ու զրպարտության գործերով: Հիմա այլ է, մարդիկ, ովքեր համարում են, որ իրենց վիրավորել են կամ զրպարտել, ազատորեն կարող են դիմել ընդհանուր իրավասության դատարան ու որպես պատասխանող այնտեղ քարշ տալ նրան, ումից վիրավորվել կամ զրպարտվել են: Ասեք, որ ԳԱԼԱ-ի տերը այս մասին չգիտե ու հավես չունի….Կանի երեւի: Իսկ առաջ, մարդն ինչքան էլ դիմեր ոստիկանություն, սրանք էս դեպքերում նյութեր էին նախապատրաստում, ապա քրեական գործ չէին հարուցում հանցակազմի բացակայության պատճառով կամ կարճում էին քրեական գործը: Շահնազարյանը երեւի մտածել է, թե հենց այս սցենարն է լինելու, ու նախկին մենթ չեն լինում, յուրայինները չեն հանձնում յուրայիններին եւ լեզվին ազատություն է տվել:
Հիմա, երեի կդառնա պատասխանող` զրպարտության գործով, հաճախակի կգա դատարան` բերկրանք պարգեւելու լրագրողներին ու հանրությանը, վզին` 2 մլն դրամի վնասի փոխհատուցման սպառնալիք ու հրապարակային ներողության բեռ: Այսպես է լինելու, որ Շահնազարյանը այսպես հանդարտորեն շատ գռոզնի միլիցուց վերածվելու է տուժողի, տաք է, դեռ տեղյակ չէ …
Այսպես է լինում, երբ իրենց բներում, քարոզչական արշավ պլանավորելու փոխարեն շատ են տուրք տալիս մենթերի տեսություններին, ու «պռապուսկատ» «պռապուսկատի» ետեւից են անում: Առաջինը Սաշիկի ախպորը պատվավոր քաղաքացու կոչում տալն էր, աչքերի առաջ ԳԱԼԱ-ն դա վերածեց հսկայական քաղաքական կապիտալի, համախմբեց հազարավոր մարդկանց, տուժեց ավագանու 14 անդամ, քաղաքապետի երկու թեկնածու, Սերժիկի կուսակցությունը եւ մի տիկին` երաժիշտ: Այս անգամ զվարճալիքն ավելի երկար է ձգվելու, ու տուժելու է քաղաքապետարանի վարչարարությունը:
Դրությունը փրկելու համար վաստակավոր ոստիկան Շիրակ Շահնազարյանին երկու ճանապարհ է մնում, կամ ապացուցել իր հայտարարությունը կամ հավաքել արժանապատվության վերջին մնացորդները եւ հրապարակավ ներողություն խնդրել զառանցանքի համար: Իմ բովանդակ փորձն այլ բան չի հուշում:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանին խորհուրդ եմ տալիս զսպել սեփական աշխատակազմը, դրությունը քարոզչական է, ընտրապայքար է, 11 քաղաքապետի թեկնածու եւ 420 ավագանու անդամության թեկնածու կա, լիքը ԶԼՄ-ներ, լիքը չուզողներ եւ ուզողներ, համբերատար լինել է հարկավոր, եթե զլմ-ներում փաստական անճշտություններ կան քաղաքապետարանի կամ աշխատակիցների հասցեին` պատասխան տվեք օրենքով, եթե ստեր են լինում` պատասխան տվեք օրենքով, եթե վիրավորանք է կամ զրպարտություն կա` պատասխան տվեք օրենքով կամ դիմեք դատարան: Մնացած հնարքները ավելի են բարդացնելու իրադրությունը, հանդուրժեք քննադատությունը, որքան էլ այն սուր լինի, ես չեմ հիշում, որ քաղաքապետին կամ որեւէ աշխատողի զոռով այնտեղ տարած լինեն, եւ ստիպեն աշխատել այդ պաշտոններում: Որպես հակառակ քաղաքական ճամբարի մարդ պարտավոր չեմ խորհուրդներ տալ, բայց տալիս եմ հանուն մեր քաղաքի եւ հանուն Հայաստանի Հանրապետության: Հիմա բոլորը բավարար տեղեկացված են:
Լեւոն Բարսեղյան