Armlur.am-ը գրում է.
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչը: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվերային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու եւ հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ», – ներկայացված էր պաշտոնական հաղորդագրությունում:
Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով, քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայտնաբերված չարաշահումներից հետո նշված բաժնում խստացված հսկողություն է իրականացվել, ինչի արդյունքում կծիկը քիչ-քիչ բացվել է:
Նախ նշենք, որ մեզ հայտնի դարձավ, որ բաժնի տեսուչը կալանավորվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գտել է, որ ազատության մեջ սույն պաշտոնյան կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին: Ավելին՝ տեղեկություններ կան, որ այս գործով հարկայինի այլ աշխատակիցներ եւս կանցնեն: Բանն այն է, որ իրավապահները բացառում են, որ նման գործարքները շարքային աշխատակիցները կարող են իրականացնել առանց վերադասի անմիջական թույլտվության:
Իսկ Մաշտոցի հարկային տեսչության պետը, պարզվում է, ստեղծված աղմուկից հետո տեղափոխվել է Գավառ` համարժեք պաշտոնի: Խոսքը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի մասին է, ով ավելի քան տասը տարի է` աշխատում է համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ 3-4 օր առաջ նա Մաշտոցի բաժնից Գավառ է տեղափոխվել, որտեղ աշխատակիցները նրան, կարելի է ասել, դեռ չեն տեսել: Մեզ հետ մասնավոր զրույցներում Գավառի հարկային տեսչության մի քանի աշխատակիցներ նշեցին, որ ընդհանուր աշխատակազմի հետ հանդիպում դեռ չի եղել:
Թե ինչու է այս փոխատեղումը կատարվել քրեական բացահայտումների ֆոնին, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հենց Հրանտ Կարապետյանից, սակայն պրոֆեսիոնալ հարկահավաքի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Կատարվածի շուրջ հաջողվեց զրուցել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, ով շտապեց արդարացնել անհասկանալի ճանապարհով հարստացած փեսային. «Միայն նրան չեն տեղափոխել: Ոչ մի հարկային տեսչության պետ իրա տեղում չի մնացել: Բոլորին էլ տեղափոխել են: Ինքը Շիրակում էր, հետո բերեցին Երեւան` Էրեբունի, հետո՝ Մաշտոց: Հիմա էլ տարել են Գավառ: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ»: Մեր դիտարկմանը, որ տեղափոխությունը տեղի ունեցավ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, եւ այդ զուգադիպությունը հարցերի տեղիք է տալիս, թե արդյո՞ք իր փեսան էլ կապ չունի այդ ամենի հետ, Շահգալդյանն արձագանքեց. «Բացահայտումներով զբաղվում են իրավապահները: Ես ինչ իմանամ` ինչ կապ ունի: Բայց ինքն իր տեսակով խելացի, գրագետ, պրոֆեսիոնալ մարդ է: Հարկայինում նորամուծություններ է արել: Էնպես որ, ինքն էդ հարցերի մեջ չկա»:
Այդուհանդերձ, վերհիշելով Հրանտ Կարապետյանի անցյալն ու «ձեռքբերումները»՝ շատ հարցեր ստանում են իրենց պատասխանները:
Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հրանտ Կարապետյանը տարիներ շարունակ Մաշտոցի հարկայինում պահել է ապօրինի բաժին, որը զբաղված է եղել փող հավաքելով: Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների վրա են գրանցված եղել: Ինչեւէ, առանձնացնելով Կարապետյանի բիզնեսների ընդամենը մի հատվածը՝ կարելի է եզրահանգումներ անել, թե ինչպես է նա հարստացել՝ ղեկավարելով հարկայինի մի բաժին:
Մենք միայն արձանագրենք, որ Հրանտ Կարապետյանը խոշոր գործարար է, ոչ թե միայն հարկահավաք պաշտոնյա: Մասնավորապես նրան են պատկանում մի շարք բիզնեսներ, որոնք, ընդունված ավանդույթի համաձայն, գուցե գրանցված են այլ մարդկանց անուններով: Նախկին մարզպետի փեսայի անվան հետ է կապվում հայտնի «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ որոշ տեղեկությունների, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հրանտ Կարապետյանին: Նոր Գեղի համայնքում նա հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են: Բայց սա դեռ այս պաշտոնյային առնչվող բիզնեսների ամբողջական ցանկը չէ: Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ:
Իսկ սխեման հայտնի է պետեկամուտների կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի. որեւէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում հարկային ծառայության հետ, մի «բարի պետ» օգնում է նրան, հարթում խնդիրները եւ դառնում բաժնետեր: Ի դեպ, մամուլը գրեց, որ Կարապետյանը բիզնեսներ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր զրուցել Հրանտ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է հաջողացրել նման բիզնեսներ կուտակել: Կարապետյանը պատասխանել էր այսպես. «Նման բան չկա, ես Ձեզ հավատացնում եմ: Ես մաթեմատիկ եմ, եւ բիզնեսներից լավ եմ հասկանում: Մարդկանց մոտ էլ տպավորություն է առաջանում, թե բաժնետեր եմ»:
Դե ինչ, մնում է սպասել ԱԱԾ-ում ընթացքող քննության ավարտին՝ պարզելու համար, թե ովքեր են իրականում ներգրավված բացահայտված չարաշահումներում, ու որքանով է դրանց առնչվում Հրանտ Կարապետյանը: