Hraparak.am-ը գրում է.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին զեկույց է հրապարակել այն մասին, թե ով է Հայաստանում պայքարում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեմ։ Զեկույցի հեղինակները նշում են՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Համահայկական ծնողական կոմիտեն», «Stop G7» ռեսուրսը, «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբը», ՀԱՍԱԿ կուսակցությունը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, որոշ բլոգերներ և թերթեր փոխկապակցված են միմիանց հետ և ունեն ռուսաստանյան սատարում: Ի թիվս բլոգերների՝ զեկույցում նշված է նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման հաղորդավար Արման Աբովյանի անունը։ Արման Աբովյանը զարմացել է, երբ իր անունը տեսել է այդ զեկույցում։
«Ճիշտն ասած, այդ տեղեկատվությունը կարդալիս շատ եմ զարմացել, քանի որ այնտեղ ընդամենը երկու բան կա, որ սուտ չէ։ Առաջինն այն է, որ ես Տիգրան Քոչարյանի ընկերն եմ, երկրորդը՝ այո՛, ես հակայուվենալ օրենքների ընդունման ջատագով եմ միանշանակ։ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի անվան ներքո փորձում են որոշակի ստանդարտներ ներմուծել եւ խաղում են Վ․ Պուտինի օգտին։ Թե՛ այդ կազմակերպությունը, թե՛ այդ կայքերը՝ իրենք են կատարում Վ․ Պուտինի պատվերը, որովհետեւ յուվենալ օրենքների դրույթներն ընդունված են Ռուսաստանում, եւ ովքեր դեմ են այդ օրենքներին, նրանք չեն տեղավորվում այդ պրոռուսական ձեւաչափի մեջ։ Իսկ նրանք, որոնք քարոզում են այդ օրենքները, հենց նրանք են այս պահին արտահայտում պրոռուսական դիրքորոշում։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրեն դասում է պրոարեւմտյան դիրքորոշում ունեցողների ցանկում, իսկ այն տեղեկատվությունը, որ տվել են իմ մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես մտածում էի նրանց դատի տալու մասին, բայց ծաղրածուներին դատի չեն տալիս, նրանց վրա ծիծաղում են»,- ասաց Արման Աբովյանը։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ արժե մտածել դատի տալու մասին եւ պարզել, թե ինչու են իր անունը հոլովվել այդ ենթատեքստում։
Իսկ թե ինչու է տեղեկատվությունը սուտ՝ Արման Աբովյանը հակադարձում է կետ առ կետ։
«Ինձ մեղադրում են, թե ինչու եմ ՖԲ-ում ռուսերեն գրառումներ անում։ Ասեմ, որ ես գրում եմ հայերեն, նաեւ՝ անգլերեն։ Իսկ ռուսերեն գրում եմ այն պատճառով, որ ՖԲ ընկերներիս կեսը ռուսախոս են՝ այլազգիներ, եւ ես ուզում եմ, որ իմ տեսակետները հասանելի լինեն նրանց։ Գրված է՝ Արման Աբովյանը «Ռադիո ՎԱՆ»-ում վարում է հաղորդում, որի սահմաններում նա զբաղվում է իր գաղափարների առաջ մղմամբ։ Հետաքրքիր է, իսկ ու՞մ գաղափարները ես պետք է առաջ մղեմ։Դա իմ եւ Եգոր Գլումովի հեղինակային հաղորդումն է, եւ պարզ է, որ իմ գաղափարները պետք է առաջ մղեմ։
Կազմակերպությունը նշում է, որ մեր «Грани правды» հաղորդման շնորհիվ «Ռադիո ՎԱՆ»-ը դասվել է «Ռուսսկիյ Միր» հիմնադրամի գործընկերների ցանկին։ Առաջին անգամ եմ լսում այդ մասին, կարող եմ ասել, որ դա զավեշտալի սուտ է։ Նշված է նաեւ, որ հաղորդման մյուս հաղորդավար Եգոր Գլումովը Կրեմլի հայտնի պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի գլխավորած «Գրիբոյեդով» ակումբի անդամ է։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե որ ակումբի անդամ է Եգոր Գլումովը։ Կարծում եմ, որ Եգոր Գլումովն ինքը կպատասխանի բոլոր հարցերին։ Կասեմ միայն, որ, ի տարբերություն ՀԿ-ների տաքուկ օֆիսներում նստածների, Եգոր Գլումովը ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ օրը մեկնել էր Լեռնային Ղարաբաղ։ Խոսվում է նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման մասին։ Խնդիրն այն է, որ այդ հաղորդումը եթեր է դուրս գալիս եւ՛ հայերեն եւ՛ ռուսերեն։
Հաղորդումն ունի պրոդյուսերներ, եւ հարկ եղած դեպքում իրենք կարող են իրենց կարծիքը հայտնել։ Իսկ ռուսերեն հաղորդումը դիտում են 116 երկրում, ես այդ հաղորդման շնորհիվ մասնակցել եմ բազմաթիվ խաղերի ԱՄՆ-ում, Իսրայելում եւ խաղացել եմ ոչ հայերի համար։ Կան մարդիկ, որոնք հանդես են գալիս օտարալեզու հաղորդումների դեմ։ Կասեմ միայն, որ կողմ եմ, որպեսզի Հայաստանում եթեր հեռարձակվեն տարբեր օտար լեզուներով հաղորդումներ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն։ Թող մեր մասին իմանան բոլորը։ Հիշեցնեմ նաեւ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ժամանակին ուզում էր մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի համապատասխանել այդ պայմաններին»,- ասաց մեր զրուցակիցը, որը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման մեջ հանդես է գալիս որպես թիմի ավագ։ Իրեն պրոռուսական կողմնորոշման մեջ մեղադրողներին Արման Աբովյանը հիշեցնում է, որ ինքը հարկ եղած դեպքում հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով պրոադրբեջանական այն քայլերի դեմ, որոնք արել է ՌԴ-ն։
«Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ արեւմտամետ, հայամետ եմ։ Ես լիազորում եմ պաշտոնապես, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որը կարող է կապ գտնել իմ եւ տարբեր ֆոնդերի միջեւ, որտեղից, ըստ նշված տեղեկատվության, ես գումարներ եմ ստանում, թող գնա եւ վերցնի այդ գումարները»,-նշում է Արման Աբովյանը։