USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանրախնդիր «վենդետա». իշխանությունները շարունակում են հետապնդել
2021-05-22 21:00:00
Տպել Տպել

Usarmenianews.com-ին հայտնի է դարձել, որ Արագածոտնի բնակչուհի, մարզի կենսաթոշակային ծառայության պետ Քնարիկ Ղուկասյանը դարձել է նորհայաստանյան քաղաքական «վենդետայի» զոհ:

Ղուկասյանին անցած շաբաթ զանգահարել ու նրանից պահանջել են դիմում գրել ու հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ հայտարարելով, թե քանի որ եղբայրը «քոչարյանական» է, ինքը չի կարող այլևս աշխատել պետական համակարգում: Սակայն Ղուկասյանը, փորձելով պաշտպանել սեփական իրավունքներն ու կանխել իր նկատմամբ դրսևորվող ակնհայտ ապօրինությունը, հրաժարվել է հրաժարականի դիմում ներկայացնել, ինչին ի պատասխան նրան աշխատանքից հեռացրել են երիտասարդական ծրագրերի և միավորման պատրվակով՝ տեղեկացնելով, որ նրա ծառայությունների կարիքն այլևս չկա:
Քնարիկ Ղուկասյանը, ով արդեն իսկ մտադիր է սեփական իրավունքները պաշտպանել օրենքով վերապահված բոլոր միջոցներով, այդ թվում՝ դատարանի օգնությամբ, երկար տարիների փորձ ունեցող, բարեխիղճ կադր էր, ում սիրում ու գնահատում էին կոլեկտիվում, ում փորձառությունն ու գիտելիքները որևիցե պարագայում չէին կարող ավելորդ համարվել պետական համակարգում՝ հատկապես նկատի ունենալով ներկայիս իրողությունները, այն կադրային սովը, որին բախվում է նամանավանդ պետական կառավարման համակարգը: Ընդ որում՝ կադրային սովի խնդիրն այնքան սուր է արտահայտված, որ շատ դեպքերում նույնիսկ աշխատողի տարիքը չի կարող բավարար հիմնավորում համարվել՝ մարդուն անգործ թողնելու, համակարգը փորձառու կադրից զրկելու համար, ինչպես այս դեպքում:
Կոնկրետ Քնարիկ Ղուկասյանի պարագայում տեղի է ունեցել բացահայտ «վենդետա»՝ այն էլ մի դեպքում, երբ «քոչարյանական» լինելու մեջ, փաստորեն, մեղադրվում է ոչ թե տվյալ անհատն, այլ նրա հարազատն, ինչն ուղղակի աբսուրդ է՝ «no comment»-ի ժանրից: Բայց դե կարևորն այն է, որ ընտրություններին ընդառաջ համակարգում լինեն միայն նվիրյալ իշխանամետներ, նրանց բաժին հասնեն բոլոր նյութական բարիքներն, իսկ թե ինչին կարող է հանգեցնել նման կամայականությունն, այնքան էլ էական չէ, էական չէ անգամ այն դեպքում, երբ երկիրը փաստացի մսխվում է, բոլորիս աչքի առաջ ոչնչանում, սոցիալ-տնտեսական ճգնաժամն էլ՝ խորանում:
Սույն մասնավոր դեպքն իրականում վկայում ու փաստում է այն մասին, որ Քոչարյանի դեմ դեմարշն՝ իրականացվող բոլոր մակարդակներում, չի դադարում: Չնայած արտաքին ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ազատ արձակել երկրորդ նախագահին, չբանտել, բայց նրա նկատմամբ հալածանքները չեն դադարում ու, անկասկած, չեն էլ դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրորդ նախագահը շարունակում է քաղաքական գործոն լինել, մարտահրավեր նետել Հայաստանը կործանման հասցրածներին:
Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի ներելու իր թիմակիցների նկատմամբ ճնշումներն, ու բոլորը պատասխան են տալու՝ չնայած անձամբ իր նկատմամբ տեղ գտած հետապնդումների հեղինակների նկատմամբ խոստացել է հիշաչար չգտնվել:
Վերջին շրջանում ակնհայտորեն իշխանությունների թեթև ձեռամբ սկսել են տարածվել կեղծ լուրեր այն մասին, թե իբր Քոչարյանի համակիրներն ու թիմակիցները կաշառք են բաժանում կամ փող առաջարկում մարդկանց՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու կամ իրենց թիմակիցը դառնալու դիմաց: Այնինչ պարզից էլ պարզ է, որ այդ ամենը նույնպես «մուտիլովկաներ» են, որ մի կողմից՝ բացահայտում են իշխանությունների էությունը, մյուս կողմից՝ մատնում նրանց թուլությունը. չունենալով իրական հենարան՝ անցել են նման էժանագին հնարքների:
«Վենդետան», ըստ էության, երբեք չդադարեց ուղեկցել Նիկոլ Փաշինյանին՝ սիրո ու համերաշխության այդ կեղծ քարոզչին, ինչը, փաստորեն, ճակատագրական հետևանքներ ունեցավ ոչ միայն հայ հասարակության, հասարակական-քաղաքական կյանքի, այլև Արցախի ու Հայաստանի ֆիզիկական գոյության համար. թքած, թե երկիրն ինչ վիճակում է, թքած, որ թուրքն ամեն օր կիլոմետրերով առաջ է գալիս դեպի Երևան:
Usarmenianews.com-ը շարունակելու է ուշադիր հետևել Քնարիկ Ղուկասյանի գործին՝ հույս ունենալով, որ արդարությունն, այնուամենայնիվ, կհաղթանակի, և գոնե դատական կարգով քաղաքացուն կհաջողվի վերականգնել իր ոտնահարված իրավունքները, վերացնել «վենդետայի» հետևանքներն ու սեփական օրինակով ներշնչել մյուս բոլոր հալածյալներին՝ պայքարելու մինչև վերջ, չհանձնվելու:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 1803 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook