
«Իհարկե թերություններ միշտ եղել են եւ կլինեն։ Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարելը։ Մենք հանրապետականներս վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք, եւ անելու ենք ամեն ինչ, որ նրա կաբինետը հաջողի»,- նշել է Շարմազանովը։Նա նաեւ խոսել է նախօրեին տեղի ունեցած զորահանդեսից, նկատել, թե մեր զինված ուժերի տեխնիկական համալրման հետ կապված որեւէ կասկած չպետք է ունենալ։
«Դրական եմ գնահատում իրականացված աշխատանքը։ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը»,- ասել է նա։Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները պետեկամուտների կոմիտեի հնարավոր տրոհման եւ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության վերաբերյալ՝ Շարմազանովը ասել է, թե ՊԵԿ-ի նախագահ Հովսեփյանին անձնապես է ճանաչում։
«Նա սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է, նրա անունը ներկրման կամ արտահանման, որեւէ ապրանքի լոբբինգի հետ չի կապվում։ Դա շատ կարեւոր է, այսինքն նա չունի շահեր։ Հովհաննես Հովսեփյանը որպես ՊԵԿ նախագահ աշխատում է շատ արդյունավետ»,- ասել է ՀՀԿ խոսնակը, իսկ հարցին, թե ՊԵԿ նախագահը միլիոնատեր է դարձել պետական պաշտոն զբաղեցնելով, պատասխանել է. «Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է՝ ոչ սեփական քրտինքով, անազնիվ ձեւով միլիոնատեր դառնալը»։