Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Զինվորը վիրավորվել էր Թալիշում մղվող մարտերի ընթացքում։ Նրա մոտ ողնուղեղային վնասվածք է։ Ռուբենի շարժումներն այժմ սահմանափակված են։ Կոկորդի վնասվածքի հետևանքով դժվարանում է նաև խոսել։
Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Գոհ եմ բժիշկների աշխատանքից, բայց հիմա Ռուբենի բուժումն անհրաժեշտ է շարունակել արտերկրում։ Դրսում կարող են անհրաժեշտ վիրահատությունները կատարել, սարքավորումները կան։ Գոնե տղաս կարողանա ձեռքերը շարժել, իր ձեռքով ուտել։ Հետո մի գործով զբաղվի, որ չնեղվի»։
Սակայն ընտանիքը չունի անհրաժեշտ միջոցներ՝ տղայի բուժման ծախսերը հոգալու համար։ Մայրը շատ չի խոսում որդու՝ սահմանին դրսևորած արիությունից։ Հուզմունքը թաքցնելով, միայն նշեց. «Ինքն ապրիլի 1-ից 7-ը քաջաբար կռվել է բոլորի համար»։
Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.
ՎՏԲ բանկ. AMD 16041036866800
USD 16041036866801
EUR 16041036866802
RUR 16041036866803
Ստացող՝ Անահիտ Մկրտչյան