Հարգելի պարոնայք,
Ձեզ է դիմում մշակույթի գործիչ՝ քանդակագործ, հաղորդավար և պարզապես ՀՀ քաղաքացի Լիլի Կարապետյանը, ով չի կարող անտարբեր մնալ իր Հայրենիքում ստեղծված լարվածության և Ձեր կողմից ցուցաբերած անտարբերության հանդեպ: Ձեր որոշումները զգալի ազդեցություն են թողնում ձեր անձնական և առհասարակ մտավորականության հեղինակության վրա:
Պրն. Ամիրխանյան, օրեր առաջ դուք հայտարարեցիք, որ ցանկություն ունեք հանդիպել տղաներին և ասել. «Հերոսացեք, տղերք: Խելացի եղեք, առաջինը եղեք»: Որպես ժողովրդի մասնիկ ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունն արտահայտելու հասարակության զգալի մեծամասնության կարծիքը. «Նոր չէ, որ պիտի նրանք հերոսանային: Տղաները հերոսներ էին մինչ հուլիսի 17-ը, իսկ դրանից հետո դարձան կենդանի լեգենդներ: Եվ նրանց բոլոր քայլերն, ընդհուպ մինչև շարժման անվանումը, խելացի են և հիացմունքի արժանի: Իսկ ինչ վերաբերում է կոչին, թե «առաջինը եղեք», բոլորս տեսանք, որ այդպես էլ եղավ»:
Պրն. Մանսուրյան, Ձեր վերաբերմունքը երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ, նուրբ ասած, պարզապես ցնցեց մեր հասարակությանը: Միայն կուզեմ մեջբերել Ձեր կոչը և այն ուղղել Ձեզ և Ձեր ընկերներին.
«Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»: Եվ կավելացնեմ. «Խնդրում եմ Ձեզ, մի մասնակցեք իշխանությունների կողմից այս կործանարար ծրագրին, որը տասնյակ տարիներ ոչ թե չի բխել ժողովրդի շահերից, այլ տարել է բոլորիս դեպի անդունդ…»:
Միանում եմ Աշոտ Պետրոսյանի պահանջին, որն է՝ հանդիպում կազմակերպել նրա, Ռոբերտ Ամիրխանյանի և Տիգրան Մանսուրյանի միջև: Հարգելիներս, երկար սպասված հանդիպման առիթը ձեզ է սպասում:
Հարգանքներով և արձագանքի ակնկալիքով՝
Լիլի Կարապետյան