Shasmhyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հեղինակը Արման Եդոյանն է, ովաշխատում է Երեւանի քաղաքապետարանում, որպես Առեւտրի վարչության պետ:
Մանրամասներ հայտնի չեն, թե արդյոք մահացած քաղաքացին փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված անցումով: Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, բավական բարձր արագություն է ունեցել հարվածող մեքենան:
Ի՞նչ կպարզի քննությունը:
Արման Եդոյանը Երեւանի քաղաքապետարանի այն պաշտոնյան է, ով դեռեւս 2013 թվականին հայտնվեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մի աղմկոտ պատմության մեջ: Ինչպես armtimes.com կայքում 2013 թվականի հուլիսի 19-ով թվագրված հրապարակումն է հայտնում, Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում մոտեցել եւ հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ուշքը գնացել էր, եկել էր շտապօգնություն: Եդոյանը նրանից պահանջել էր հեռանալ հրապարակից, տղան չէր կատարել պահանջն, ու Եդոյանը հեռախոսով մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին:
Քաղաքապետարանի չինովնիկը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել այդ տղայի հանդեպ բռնության համար, այլեւ Երեւանի քաղաքապետարանը նրա քայլն արդարացրել էր նրանով, թե այդօրինակ վաճառողները Երեւանը վերածում են արեւելյան շուկայի: Արման Եդոյանը Տարոն Մարգարյանի մերձավորն է եւ նրա հետ քաղաքապետարան է եկել Ավանից:
Դե իհարկե, ինչ որ կերպ օրվա հացը վաստակել փորձող քաղաքացիները չեն սազում այն գերժամանակակից ու շքեղ պատկերին, որ Երեւանում ապահովում են Տարոն Մարգարյանն ու նրա չինովնիկները իրենց միլիոններով: Օրինակ, վթարի վայրից լուսանկարներից պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետը վարում է ժամանակակից ու բավական թանկարժեք, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության մեքենա: Երեւանի քաղաքապետարանի չինովնիկին որտեղի՞ց այդօրինակ մեքենայի հնարավորություն, ի՞նչ միջոցներով է նա կարողանում վարել նման մեքենա: Երեւի պատասխանը պարզ է:
Միաժամանակ, անպատժելիությունը, որ եղել է երկու տարի առաջ Էդոյանի մասնակցությամբ միջադեպին, վկայում է, թե Հանրապետության հրապարակում իրեն այդպես պահած պաշտոնյան ինչպես կարող էր պահել Երեւանի փողոցներում մեքենայի ղեկին:
Կարո՞ղ է օրենքը լիարժեք կիրառվել այս դեպքում, եթե այն չի կիրառվել Հանրապետության հրապարակում: Մեղմ ասած խիստ կասկածելի հեռանկար է: Եթե օրինակ Եդոյանը լիներ ոչ թե Տարոն Մարգարյանի թիմակից, այլ ասենք իր սուր արվեստով հայտնի դերասան, ու անունն էլ լիներ Վարդան Պետրոսյան, ապա կասկած չկա, որ նա անմիջապես կհայտնվեր բանտում:
Բայց նա դերասան չէ, այլ Երեւանի քաղաքապետարանի չինովիկ, եւ ամենայն հավանականությամբ շատ արագ կպարզվի, որ մեղավորը եղել է վրաերթի հետեւանքով մահացած տղամարդը, որը Երեւանը վերածել էր «արեւելյան» շուկայի եւ փողոցն անցել առանց կարգուկանոնի: