Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալու է ՏԻՄ ընտրություններ՝ Գեղամավան համայնքում նույնպես: Այստեղ առաջադրված են գործող համայնքապետ՝ Մնացական Վարդանյանը և Վաչիկ Սաղաթելյանը:
Mnews.am-ի լրագրողի հետ ունեցած զրույցի ընթացքում համայնքապետը ներկայացրեց գյուղում կատարված ծրագրերը և դեռ կատարվելիքը:
-Պարոն Վարդանյան 35 տարի է ինչ ղեկավարում եք համայնքը, որո՞նք են Ձեր ներդրումները համայնքում, ի՞նչ աշխատանքներով եք հայտնի:
-35 երկար ու ձիգ տարիներ, որը նվիրել եմ համայնքիս, ժողովրդիս: Լուծվել են բազում հարցեր, տարբեր ոլորտներից գոյացած խնդիրներին տրվել է վերջնական հանգուցալուծում: Այս տարիների ընթացքում ահռելի աշխատանքներ են տարվել, որոնք չնկատել հնարավոր չէ: Բնականաբար, չեմ կարող ինքս իմ աշխատանքը գնահատել, բայց այն ինչը տեսանելի է, գործնական է: Համայնքում հիմքից կառուցել ենք՝
- Նոր դպրոցի շենքը, որը վերանորոգվել է 380 միլիոն դրամով, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ.
- մշակույթի տուն.
- հանդիսությունների սրահ. գեղեցիկ և կահավորված հանդիսությունների սրահը նույնպես անվճար է տրամադրվում գյուղացիներին
- մսուր մանկապարտեզի շենքը. Մանկապարտեզի երկու մասնաշենքերն ամբողջությամբ վերանորոգվեցին` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 180 մլն. դրամ, որից 8մլն. դրամը գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Եվ այս պահին ևս գյուղապետարանի համաֆինանսավորմամբ ևս 9 մլն. դրամի գույքի ձեռքբերում է արվել: Բարձրակարգ գույքը շուտով կտրամադրվի մանկապարտեզին:
- մոտ 3կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցեր են տեղադրվել, ասֆալտապատվել է 6կմ 80մ ճանապարհ, ինչպես նաև գազաֆիկացվել է գյուղը, ջրամատակարարումն ամբողջությամբ փոխարինվել է նոր համակարգով:
-Համայնքում բնակիչները ո՛չ աղբահանության և ո՛չ էլ խմելու ջրի համար չեն վճարում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Հրազդան գետի երկու կողմերը ցանցապատվեցին, սակայն մեր կողմից էլ խնդրեցինք «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանին, ով բարի կամք դրսևորեց և իրականացրեց շուրջ 500 մ երկարությամբ ցանցապատման և 2 նոր կամուրջների տեղադրման աշխատանքներ: Նախկինում բետոնե կամուրջներ էին, որոնցից մեկի փլուզման արդյունքում Հրազդան գետում խեղդման դեպք էր գրանցվել: Այժմ տեղադրվել է երկաթե 2 կամուրջ, որտեղ միայն մեկի արժեքը կազմեց 8 մլն. դրամ:
-Որո՞նք են համայնքի առաջ ծառացած խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:
–Ամբողջ հանրապետության համար մեծ խնդիր է դարձել աշխատատեղերի բացակայությունը:
Այսօր գյուղացին նույնպես հետ չի մնում այդ խնդրից : Գյուղի բնակչությունն այսօր զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Մարդիկ կաթ-մածուն են վաճառում, միս են վաճառում, որպեսզի կարողանան ապրել, շուրջ 400-500 հոգի էլ արտագնա աշխատանքի են գնում:
Խորհրդային տարիներին Գեղամավան վարչական տարածքում գործել է 17 հիմնարկ-ձեռնարկություն (մսի կոմբինատ, հախճապակու գործարան, խոշոր մեքենաների վերանորոգման գործարան, թռչնաբուծական ֆաբրիկա և այլն): Բոլորը հզոր գործարաններ էին, որտեղ աշխատում էին մոտ 5000 մարդ` հանրապետության տարբեր շրջաններից: Այսօր մեծ մասը հողին է հավասարեցված: Համայնքն այսօր հեռանկարային գործունեություն չունի:
– Ինչպիսի՞ ծրագրային նորամուծություններով եք ներկայացել բնակչությանը:
-Մեկ տարի առաջ` Մոսկվայից Երևան ճանապարհին` Տուլայի շրջանում, ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվեցին մեր 3 համագյուղացիները: Գեղամավանցի մոսկվայաբնակ գործարարների և գյուղապետարանի աջակցությամբ զոհված բոլոր գեղամավանցիների հիշատակին կառուցել ենք հուշահամալիր:
Ինձ համար ամենից նպատակային խնդիր դարձած եկեղեցու կառուցումը արդեն առաջնային է: Եթե ես էլ չլինեմ, ով էլ լինի, այդ հարցն անպայմանորեն պետք է լուծվի, որովհետև այն առաջնահերթ խնդիր է դարձել մեզ համար: Մենք ունենանք մեր գյուղի աղոթատեղին:
-Պարո՛ն Վարդանյան, այս տարի համայքնում կայանալու է հերթական ՏԻՄ ընտրությունը: Ունե՞ք մրցակից-թեկնածու
-Իմ այսքան տարիների փորձն ու գործը հաշվի առնելով, ինչպես նաև այնքան ջերմ ու առանց ձևականությունների հարաբերությունները իմ գյուղացիների հանդեպ, կարծում եմ չի անտեսվի, ավելին ասեմ, վստահ եմ: Համոզված եմ, որ բնակչությունը չի կարող ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս. ես գործով ապացուցել եմ գեղամավանցուն և դեռ կապացուցեմ, որ ինքը չի սխալվել իր ձայնը տալով ինձ:
Մեր համայնքում կատարած յուրաքանչյուր աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին, ով փորձում է իրավական օգնություն տրամադրել համայնքապետարաններին:
Mnews.am