Ի դեպ, ուկրաինական մամուլը գրում է, որ նա մասնակցել է Դոնբասի իրադարձություններին ու մեղսակից է Գյումրիի սպանությանը:
Հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները հիմնավոր կասկածներ ունեն, որ այն 9 ամիսների ընթացքում, երբ գործը քննել է ռուսական կողմը, բազմաթիվ «հետքեր» են վերացվել, կարեւոր վկայություններ ու հանցանշաններ: Ընդ որում, դա հատկապես ինտենսիվ է եղել Պերմյակովին ձերբակալելուց հետո առաջին օրերի ընթացքում:
Ընդհանրապես, Պերմյակովի ձերբակալությումը եւ նրան ռուսական բազայում պահելը տեղի է ունեցել հայ-ռուսական պայմանագրերի, Հայաստանի Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտումներով: Ընդ որում, այս ամենի ընթացքում հայ իրավապահներն ակնհայտորեն գործել են ռուսական կողմի ցուցումներով ու «ինստրուկցիաներով»:
Ռուսական կողմի պահվածքն այս ընթացքում եղել է բավական հակասական, նկատելի էր, որ փորձ է արվում ինչ որ վարկածներ հորինել՝ հանցագործության մոտիվացիայի, դրդապատճառների եւ այլ հարցերի պատասխաններ «սարքելու» համար: Ընդ որում, նկատելի էր որոշակի շփոթվածություն ու շտապողականություն, երբ առաջ էին քաշվում նույն Պերմյակովի վերաբերյալ ինչ որ վարկածներ, որոնք անմիջապես էլ հերքվում էին ասենք նրա հարազատների կողմից:
Ավետիսյանների հարազատները, փորձագետներից շատերը կասկածում են, որ հանցագործության հեղինակը Պերմյակովն է, կամ նա եղել է միայնակ:
Այս ամենը շատերին բերել է այն եզրահանգման, որ ռուսական կողմն ինչ որ կարեւոր գաղտնիք է թաքցնում, այդ պատճառով գործը լիարժեք չի քննվել, թաքցվում են կարեւոր հանգամանքներ:
Այս կասկածներն ավելի սրվեցին գործը հայկական կողմին փոխանցելուց հետո: Դա մի փնթի, կարկատան գործ է, որն ավելի շատ արհամարհանք ու ապտակ է հայկական կողմին, որը սակայն ներկայացվեց որպես ռուսական կողմի «պարգեւ» Հայաստանին:
Հայկական կողմին հատկապես ապշեցրել է պատվիրատուի «բացահայտումն» այդ գործում: Պարզվել է՝ պատվիրատուն եղել է սատանան, Պերմյակովը կատարել է նվիրաբերության ծես, սպանելով Ավետիսյան ընտանիքին: Սա ռուսական կողմի վարած քննության որակի, մոտիվացիայի բարձրակետն էր:
Թեեւ, մյուս կողմից, դրա մեջ խիստ խորհրդանշական բան կա: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Դա իրականում քաղաքականություն չէ, այլ Հայաստանի պետական ինքնիշխանության ոչնչացման գործընթաց՝ հայկական այսպես կոչված քաղաքական ուժերի ու հանրության թողտվությամբ: Դա նույնիսկ քաղաքականություն էլ չէ, այլ ծես՝ Հայաստանը զոհաբերելու ծես, որի խորհրդանիշը հայկական ընտանիքի երեք սերունդների գնդակահարությունն էր:
Հանցագործությունից հետո շատերն այն տեսակետն են հայտնել, որ այս սպանությունը քաղաքական է եւ նպատակ ուներ ահաբեկել հայերին եւ ընդլայնել ռուսական բազայի տարածքներն ու իրավազորությունը: Դժվար է ասել՝ արդյոք իսկապես դա էր նպատակը, սակայն փաստացի այդպես էլ եղավ՝ բազային նվիրաբերվեցին նոր տարածքներ, եւ ռուսական կողմը խոսում է Գյումրին բազային ենթակա քաղաքի վերածելու մասին: Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվել:
Այսպիսով, ռուսական կողմի մեկ տարվա քննության արդյունքում «բացահայտվել» է սպանության պատվիրատուն եւ ընդլայնվել ու ամրապնդվել ռուսական բազան:
Այնուամենայնիվ, ի՞նչ է թաքցնում ռուսական կողմը: