USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 01 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես գիտեմ, որ Տեր Աստվածը կլսի իմ աղոթքները
2017-04-18 12:06:00
Տպել Տպել

5-րդ ա դասարանում եմ: Մայրենիի դասաժամին նամակների բաժինն ենք ուսումնասիրում: Առաջարկում եմ նամակ գրել, իսկ նամակի հասցեատերը մեզ հարազատ դարձած զինվորն է, ով պաշտպանում է սահմանը, որպեսզի մենք ապահով լինենք թիկունքում: Րոպեներ անց դասարանի աշակերտներից մեկը` Արթուր Ավթանդիլյանը, ձեռք է բարձրացնում: Ի զարմանք մեզ` ցանկանում է կարդալ իր գրածը:
Նա սովորաբար շատ հանգիստ է, պարզ ու ճշմարտախոս, մի քիչ ինքնամփոփ, միջակ կարողությունների տեր, բայց զարմացնում է մեզ իր անմիջական, պարզ ու մտերմական տողերով, որ գրել էր Հայաստանում ապրող մորաքրոջ որդուն` հարազատ զինվորին, ով ծառայում էր հայրենիքին:
«Սիրելի՛ եղբայր, տանը բոլորը քո մասին ենք մտածում և սպասում, թե երբ կվերադառնաս: Այնպե~ս կուզեի, որ աչք թարթեի, երկու տարին անցներ, գնար: Ես գիտեմ, որ թշնամին, երբ փորձի սահմանը հատելու, դու վեր կկենաս և հակահարված կհասցնես նրան: Ես ուզում եմ, որ իմ հայրիկի նման լավ ծառայես, ուզում եմ գնդակը քեզ երբեք չդիպչի, լավ լինես և զգոն, մենք քեզ շատ ենք սիրում: Ես գիտեմ, որ Տեր Աստվածը կլսի իմ աղոթքները և քեզ ու բոլոր զինվոր եղբայրներիս ողջ-առողջ կվերադարձնի տուն: Մեր մասին չմտահոգվես, մենք լավ ենք, շուտով ամառային արձակուրդներ կլինեն, ես տանը կասեմ, որ ինձ բերեն քեզ մոտ տեսակցության»:
Հազիվ այդքան էր հասցրել գրել, բոլորս լուռ ենք, ինքն էլ շատ ուշադիր սպասում է իր ուսուցչուհու խոսքերին, որ պիտի արտահայտեի նրան լսելուց հետո: Ու հանկարծ հարցնում եմ. «Եթե հանդիպես քեզ հարազատ զինվորին, ի՞նչ կնվիրես նրան»:
Նա անթարթ նայում է ինձ ու միանգամից ասում այն միակ բառը, որ երբևէ չէի սպասի նրանից. «Խա՛չ…Ես նրան խաչ կնվիրեմ…Բռանս մեջ պինդ բռնած` կտանեմ ու նրան կնվիրեմ»:
Հաջորդ օրը նա ինձ ներկայացրեց նոր տողեր, որ ավելացրել էր նամակին. «Սիրելի՛ եղբայր, դու մեր դպրոցում չես եղել, իսկ ես սովորում եմ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այստեղ ինձ շատ լավ ուսուցիչներ են դասավանդում: Եղբայրս էլ երկրորդ դասարանում է սովորում, արձակուրդներին կգանք քեզ տեսակցության: Երբ քեզ տեսնեմ, վազելով կգամ, քեզ կգրկեմ ու կնվիրեմ խաչ, որ Աստված քեզ ողջ-առողջ վերադարձնի տուն: Գիտե՞ս, դու հիմա ինձ չես լսում, բայց այս նամակի շնորհիվ կիմանաս, թե ինչ եմ զգում ես, երբ կողքիս չես: Նաև, երբ հանդիպենք, այսքանը չէի կարողանալու ասել, բայց դու ամեն ինչ կիմանաս, երբ կարդաս նամակս: Խաղաղ ծառայություն քեզ և բոլոր զինվորներին: Քո եղբայր Արթուր»:
Այս փոքրիկ, ազնիվ տղային առաջարկում եմ մի նկար ուղարկել ինձ և շուտով ստանում եմ այս մեկը, որ եկեղեցում է` մոմերի լույսերի տակ: Եվ հավատում եմ, որ Տեր Աստվածը կլսի նրա աղոթքները, որ մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան տուն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 3574 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook