USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 04 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երեխաների օրվա շնորհավորանքն աղոթք է դարձել
2017-06-01 11:25:00
Տպել Տպել

Դպրոցի 4-րդ ա դասարան փոխադրված երեխաները, թոռնիկս նույնպես, օրեր շարունակ սպասել են այդ ուղևորությանը` դեպի Գանձասարի վանք: 8-րդ ա դասարանցիների ու նրանց ծնողների հետ այնտեղ էի, և ինձ թվում էր` դրանից երկու օր առաջ այդտեղ եկած այն փոքրիկների ոտնահետքերով ենք քայլում, և իզուր չէր իմ ենթադրությունը, երբ Նարեկիս դասվար Լիանա Ստեփանյանը հաստատում է, որ նույն տաղավարում են հավաքվել Գանձասարի վանք այցելելուց հետո:
Նրանք էլ իրենց մայրիկների հետ եկեղեցի են մտել ու մոմեր վառել, իրենց փոքրիկ մատներով խաչակնքել են ու աղոթք մրմնջացել, և իրենց մեղմիվ հայացքներով եկեղեցի թափանցող լույսի խաղի հետ նրանց դեմքին էլ ժպիտներ են խաղացել ու, մտերմիկ դուրս գալով եկեղեցուց, կանգնել են այդ սրբասուրբ կառույցի հետնամասի դռան մոտ և պատերին սեղմված` նկարվել լուռ:
Ամպամած եղանակը` կարկտախառն անձրևով, խանգարել էր այս փոքրիկների` ամբողջ հոգով օրը վայելելու բերկրանքը, ազդել էր նրանց տրամադրության վրա, և ես հիացած նայում եմ այս նկարի պարզ ու անբիծ մանկությանը` կարծես ցանկանալով կանգնեցել այն ամպրոպաշունչ օրվա բնության տարերքը: Բայց նաև հոգուս խորքում զգում եմ, որ օրը անձրևոտ լինի թե արևոտ, հիանում ես այս բարձունքին թառած հինավուրց եկեղեցու խոր լռությունից, որ իր ներսում պատմություն ունի կերտած:
Մինչ եկեղեցի մտնելն առաջարկում եմ աշակերտներին և նրանց ծնողներին` նկարվել միասին: Անհնար է բարձունքի անդորրը հսկող այդ եկեղեցու շրջակա բնաշխարհով չտարվես: Հիացմունքով հայացդ փախցնում ես այս ու այն կողմ` չգիտակցելով անգամ, թե ո՛ր մի հրաշքով սքանչանաս: Եվ հոգուդ բավականություն տալու համար մի պահ վերացած նայում ես շուրջբոլորդ, անմահանում այդ բնության գրկում և ցանկանում բավականությամբ ու անհագուրդ շնչել այդ կենարար ու զովացուցիչ մաքրամաքուր օդը, որ լցված է խաղաղ ապրելու երազանքով:
Երեխաների վեր բարձրացված ձեռքերն ուղերձ են դառնում` խաղաղ ու բարեկեցիկ կյանքի ակնկալիքով, որ ազգային ճարտարապետության գլուխգործոց համարվող և անկրկնելի գեղեցկություն ունեցող Գանձասարի բարձունքից մաղթում են Մարտակերտի մեր դպրոցականներն աշխարհի երեխաներին:
Եվ Երեխաների պաշտպանության միջազգային օրը շնորհավորում ենք բոլոր երեխաներին` համոզված, որ նրանք են մեր լինելության խորհուրդն ու կյանքի իմաստը, մեր ապագան: Մեծագույն սիրով ցանկանում ենք նրանց ժպիտներ ու երազանքներ, անսահման սեր ու ջերմություն, հեքիաթային գունեղ և լուսավոր կյանք, խաղաղությամբ օծված երկինք, մանկական անհոգությամբ հյուսված անափ երջանկություն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2249 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook