Նրա հայտարարությունն անվստահություն է Սերժ Սարգսյանի հանդեպ: Փաստացի, Մարգարյանն ակնարկում է որոշակի պայման, որ կոալիցիա կկազմեն միայն խորհրդարանում երաշխավորված մանդատի պարագայում: Փոքր ինչ անորոշ է, թե ինչ է հասկանում Հրանտ Մարգարյանը կուսակցություններն «իրար պետք ունենան» ասելով: ՀՅԴ-ն համարում է, որ պետք է ՀՀԿ-ի հետ կազմի մեծամասնություն եւ ՀՀԿ-ն չունենա՞ 50+1 տոկոս՝ առանց ՀՅԴ, թե՞ ՀՅԴ-ին կբավարարի պարզապես «մաքուր երկրորդ» տեղը խորհրդարանում, թեկուզ ՀՀԿ-ն ինքն իրենով ունենա մեծամասնություն:
Համենայն դեպս, Հրանտ Մարգարյանի հայտարարությունը հուշում է, որ ՀՅԴ-ն կասկած ունի, որ կոալիցիա կազմելով մինչեւ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը, Սերժ Սարգսյանը կարող է այդ ընտրությունից առաջ ՀՅԴ-ին այնպես վարկաբեկել, որ 2017-ի համար ՀՅԴ-ն հաջողություն համարի նույնիսկ վերջից երկրորդ տեղը:
Իհարկե, այստեղ անվստահության խնդիրը ավելի խորն է, եւ ՀՅԴ-ն թերեւս մտավախություն ունի, որ Սերժ Սարգսյանի եւ իր համաձայնությունը կարող է արգելակվել կամ խանգարվել ՀՀԿ մեծամասնության միջամտությամբ, որը չի հանդուրժի իր հաշվին ՀՅԴ-ին տեղ տալու պայմանավորվածությունը: Միեւնույն ժամանակ, Դաշնակցությանը գուցե մտահոգում է եւ այն, որ պայմանավորվելով կոալիցիայի հարցում, Սերժ Սարգսյանը 2017 թվականի ընտրությունից առաջ ՀՅԴ-ի հետ այդ պայմանավորվածությունը կարող է դարձնել ՀՀԿ մեծամասնության հետ փոխզիջման եւ պայմանավորվածության մանրադրամ: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի համար 2017-ի առանցքային խնդիրը այնպիսի խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելն է, որի պարագայում կունենա նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու շատ իրական հնարավորություն:
ՀՅԴ-ն ունի փորձ, որ երբ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, նա շատ հանգիստ անտեսում է Դաշնակցությանը: Դա 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունն էր: 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՅԴ-ի կոալիցիոն աջակցության կարիքն զգացող Սերժ Սարգսյանը ընդամենը մի քանի ամիս անց բավական ինքնավստահ կերպով անտեսեց ՀՅԴ-ին, կուսակցությանը դնելով կոալիցիայից անզորությամբ հեռանալու անհրաժեշտության առաջ: Անգամ սփյուռքում Սարգսյանի դեմ կազմակերպված բողոքի բուռն ակցիաներն ու Հայաստանում ՈՉ-ի շարժումը որեւէ կերպ չստիպեցին Սերժ Սարգսյանին հաշվի առնել ՀՅԴ կարծիքը:
Այնպես որ, ՀՅԴ տառապանքը փորձ ունի: Այլ հարց է, թե ինչ կանի կուսակցությունը, եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի 2017-ից հետո կոալիցիայի պայմանին, կամ համաձայնի, բայց պայմանով, որ ՀՅԴ-ն 2017-ից առաջ կստանձնի իրավիճակի առաջ պատասխանատվություն, եւ ՀՅԴ-ն ու ինքը 2017 թվականի ընտրության կգնան հավասարապես վարկաբեկված: