USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակը» հաղթեց դատական վեճում...
2016-02-16 18:45:00
Տպել Տպել

Երեկ «Հրապարակը» հերթական հաղթանակը տարավ դատարանում։ Ընդ որում՝ մի գործով, որով առաջին ատյանում պարտվել էր. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, վճիռ էր կայացրել ընդդեմ «Հրապարակի»։

Խոսքը 2013-ի դեկտեմբերի 5-ին տպագրված «Վանաձորցի ուսուցչուհին հարկադիր պարապուրդի դիմաց 12 միլիոն դրամ է ստացել» նյութի մասին է, որի «հերոսը»՝ Սուսաննա Սարգսյանը, դիմել էր դատարան եւ շուրջ երկու տարի դատական քաշքշուկի մեջ գցել «Հրապարակն» ու մեր Լոռվա թղթակից Շուշաննա Գրիգորյանին՝ նյութի հեղինակին։ Եվ չնայած նա դատարան էր դիմել ուշացումով, եւ ենթադրվում էր, որ դատարանը վաղեմության ժամկետի դրույթի համաձայն կմերժի հայցը, սակայն հայցն ընդունվել էր վարույթ։
Մենք նաեւ բավարար հիմնավորումներ էինք ներկայացրել դատարանին, որ նշված հոդվածում ոչ զրպարտության, ոչ վիրավորանքի տարրեր չկան, բայց Լոռվա մարզի դատավոր Բորիկ Գրիգորյանը մասնակիորեն բավարարել էր հայցը՝ պարտադրելով մեզ «հրապարակային, գրավոր ներողություն խնդրել հայցվորի առաջարկած ձեւով՝ վճռի կատարման շրջանակներում», եւ հետեւյալ տեքստով. «Ես՝ Շուշաննա Գրիգորյանս, իմ կողմից օգտագործված վիրավորական արտահայտության համար Սուսաննա Սարգսյանից խնդրում եմ ներողություն»։ Բացի այդ, դատարանը որոշել էր լրագրողից, հօգուտ հայցվորի, բռնագանձել 50 հազար դրամ փոխհատուցման գումար եւ պետտուրք։ 

Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, թե ինչն է հայցվոր Սուսաննա Սարգսյանը, ապա նաեւ դատավոր Բորիկ Գրիգորյանը համարել վիրավորանք ու զրպարտություն, ընդամենը մեջբերենք վիճարկվող նախադասությունը. «Վանաձորում ասում են՝ դատարանների նման բարյացակամության պատճառը նշված ուսուցչուհու կապն է առաջին ատյանի դատավորներից մեկի հետ»։ Այն, որ «կապ» բառի տակ վանաձորցի ուսուցչուհին վիրավորանք ու զրպարտություն էր տեսել, իր խնդիրն է, բայց որ դատավորը եւս կարող էր նույն կերպ ընկալել այդ բառը, մեզ համար առնվազն տարօրինակ էր, եթե չասենք՝ ըստ էության, մեր հոդվածում արված պնդումը հաստատող փաստ։

Սակայն անգամ այս լուծումը չէր բավարարել ուսուցչուհուն՝ նա բողոքարկել էր առաջին ատյանի վճիռը վերաքննիչ դատարան, համարելով, որ «Հրապարակի» եւ Շուշաննա Գրիգորյանի մեղքն ավելի մեծ է, իսկ դատարանի սահմանած պատիժը՝ շատ փոքր։ Բողոքարկել էինք, բնականաբար, նաեւ մենք՝ «Հրապարակն» ու Շուշաննա Գրիգորյանը։

Եվ, ի զարմանս եւ հուրախություն մեզ, երեկ ստացանք վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ հօգուտ մեզ։ Դատական եռյակը՝ Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ (Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան կազմով), փետրվարի 11-ին, մեր ներկայացուցչի բացակայությամբ, քննել է վերաքննիչ բողոքները եւ գտել, որ մեր բողոքը հիմնավոր է, իսկ հայցվորինը՝ անհիմն։ Դատարանը բավարարել է մեր բողոքը եւ առաջին ատյանի վճիռն ամբողջությամբ բեկանելով՝ ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Որոշման նկարագրական մասն ուղղակի ապտակ է Լոռվա դատարանին եւ, մասնավորապես, դատավոր Բորիկ Գրիգորյանին ուղղված։ Մի փոքր մեջբերում անենք որոշումից. «Վերաքննիչ դատարանը, հետազոտելով վերը նշված հոդվածը, գտնում է, որ դրանցում հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող, այսինքն՝ նրան զրպարտող, ինչպես նաեւ Դատարանի կողմից հաստատված համարված՝ վիրավորող որեւէ արտահայտությունների առկայության փաստը բացակայում է, որպիսի պայմաններում Դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ հայցը մասնակի բավարարելու առումով։
Վճռում դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է «Վանաձորում ասում են՝ դատարանների նման բարյացակամության պատճառը նշված ուսուցչուհու կապն է առաջին ատյանի դատարանի դատավորներից մեկի հետ» արտահայտությունը որակել որպես վիրավորանք, այսինքն՝ սույն գործի պարագայում չի պարզվել այն հանգամանքը, որ արդյոք դատավորն այն ա՞նձն է, որի հետ կապ ունենալը պետք է լինի վիրավորական, կամ, ըստ էության, ինչ կապի մասին է հոդվածի հեղինակը նկատի ունեցել հոդվածում (բարեկամական, ազգակցական եւ այլն)»։ Բացի դա, վերաքննիչ դատարանը նաեւ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հարցում եւս առաջին ատյանի դատարանը սխալ որոշում է կայացրել։

Ցավոք, արդար ու օբյեկտիվ դատական որոշումները մեզանում այնքան քիչ են պատահում, որ յուրաքանչյուր նման դեպքում մենք քիչ է մնում դատավորներին շնորհակալություն հայտնենք իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար։ Ուզում ենք նաեւ, որ նման որոշումները դաս լինեն բոլոր այն դատավորների համար, որոնք կողմնակի ազդեցությունների եւ շահագրգռությունների կոնտեքստում են վճիռներ կայացնում։ Հուսանք, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր բարձրության վրա կգտնվի նաեւ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ մեր վերաքննիչ բողոքի քննության ընթացքում, քանզի, հավատացնում ենք, այդ գործով մեր փաստարկները նույնքան ամուր են ու հիմնավոր, որքան վանաձորցի ուսուցչուհու հետ վեճում։

«Հրապարակ» 

Այս նյութը դիտել են - 1480 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook