USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դաշնակցությանը սիրել-չսիրելը 125-ամյա պատմություն ունի...
2016-02-25 02:09:00
Տպել Տպել

Այս օրերին պարզ դարձավ, թե որքան մարդ չի սիրում Դաշնակցությանը: Պարզ դարձավ նաեւ, թե որքան մարդ է սիրում: Գուցե այս ամենն այս օրերին չէ, որ պարզ դարձավ, համենայն դեպս, Դաշնակցությանը սիրել-չսիրելը 125-ամյա պատմություն ունի:


Զուտ սպորտային տեսանկյունից` ոմանց համար գուցեեւ հետաքրքրական լինի, թե ովքե՞ր են ավելի շատ՝ Դաշնակցությանը սիրողնե՞րը, թե՞ չսիրողները, ո՞ւմ ձայնն է ավելի լսելի՝ սիրո՞, թե՞ ատելության: Միանգամից ասեմ, որ նման հաշվարկ հնարավոր չէ կատարել, որովհետեւ երկուսն էլ շատ են, ու դա կարեւոր է, ու երեւի ամենակարեւորն է՝ Դաշնակցությանը սիրողներն էլ շատ են: Հենց սիրողները, ոչ թե համակիրները, ոչ թե հարգողները, ոչ թե դրանով հպարտացողները, հենց սիրողները, ովքեր ամեն ինչ հասկանում են, ամեն բան ներում են, քանի որ սիրում են:

Իսկ բան կա՞ ներելու, իհարկե, կա, ոչ թե կա, այլ շատ կա. չի կարող 125-ամյա պատմություն լինել` առանց սխալների եւ առանց ներումի: Եթե ներում չլիներ, մի օր` ասենք 48-րդ տարում, կուսակցությունը կփակվեր, դաշնակցականները կդառնային նախկին: Չի փակվել, գրողը տանի, այս կուսակցությունը չի փակվել, հիմա այն կա, հիմա 125-ամյա է, ինչը նշանակում է, որ անթիվ-անհամար սխալվել է եւ անթիվ-անհամար ներվել, ու կարեւորը դա է` ներվելը շարունակվել է, փորձառություն է, առաջընթացի գոնե հույս է, կյանք է: Ու խնդիրն այն չէ, թե սխալվո՞ւմ է, արդյոք, հիմա Դաշնակցությունը, սա կարեւոր չէ: Կարեւոր չէ, քանի որ պատասխանը հայտնի չէ:

Պատասխանը հայտնի չէ, քանի որ մենք չգիտենք, թե ի՞նչ կլինի վաղը եւ ինչպե՞ս կլինի, անգամ` եթե մենք ՀԱԿ-ի գրասենյակում ենք աշխատում, անգամ` եթե մենք անգիր գիտենք Սիմոն Վրացյանի բոլոր հոդվածները ու չենք ծիծաղում, երբ ասում են՝ «Դաշնակի վզյալի Խնձորեսկ»: Կապ չունի ով ես, երբ խոսքը գնում է վաղվա մասին, քանի որ, անկախ նրանից, թե ով ես, վաղը քեզ համար մութ է: Դաշնակցության համար էլ է մութ, ՀԱԿ-ի համար էլ է մութ, Հանրապետականի համար էլ, անգամ` Լուսավոր Հայաստանի համար է մութ, բոլորի համար է մութ, եւ այդ պատճառով են բոլորը սխալվում ու բոլորն են սխալվում:

«Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», իհարկե՝ կեցցե, բայց սա վստահություն չէ, սա հույս է, սա երազանք չէ, սա աշխատանք է, սա փողոցում միտինգ անել չէ, սա փողոցում միտինգ անել էլ է, բայց փողոցում միտինգ անել չէ, սա իրավիճակ փոխել է, մթնոլորտ փոխել է, փոխվել է՝ նախեւառաջ իրականությունն ընդունելով: Սա պարտադիր է, որովհետեւ, երբ դու կանգնած ես գորտերով լի ճահճի դիմաց, բայց, քո կարծիքով, դա կարապների լիճ է, դու երբեք չես կարող այդ ճահիճը լիճ դարձնել, գորտերին էլ՝ կարապ:

Իսկ իրականությունը հետեւյալն է` այսօր բոլորն են համագործակցում իշխանության հետ, այո՛, բոլորը, այո՛, այս իշխանության հետ: Օրինակ` ընդդիմադիր պատգամավորները համագործակցում են իշխանության հետ՝ մաս կազմելով այդ իշխանության ձեւավորած խորհրդարանին, ոչ լեգիտիմ խորհրդարանին, իրենց ասած՝ ոչ լեգիտիմ խորհրդարանին: Ու քանի որ նրանք գնում են այդ ռիսկին, այսինքն` համաձայն են, որ իրենց անվանեն ոչ լեգիտիմ խորհրդարանի մաս, միայն թե խորհրդարանի մաս լինեն, ուրեմն նրանք համագործակցում են այս իշխանությունների հետ: Քաղաքացիներն էլ են համագործակցում, երբ մնում են այստեղ, երբ հարկեր են մուծում, երբ նպաստ են ստանում, աշխատավարձ կամ թոշակ: Ո՞վ չի համագործակցում, ո՞վ չի համագործակցի այս իշխանությունների հետ, ավելի ճիշտ՝ ո՞վ չի ուզի համագործակցել իշխանությունների հետ, ոչ թե` որովհետեւ նրանք լավն են, այլ` որովհետեւ դա բան փոխելու եւ նրանց փոխելու միակ միջոցն է: Դա եւ զինված պայքարը:

Դաշնակցությունն ընտրել է առաջին տարբերակը, գուցե սխալվել է, գուցե չի սխալվել: Գուցե պետք էր ընտրել մեկ այլ՝ երրորդ տարբերակ, քաշվել մի կողմ եւ լուռ հետեւել, թե էլ ինչեր են լինելու, ինչպես են լինելու, ովքեր են լինելու, եւ ովքեր որ լինելու են, որքան երկար են մնալու: Գուցե դա ավելի լավ ընդունվեր: Հնարավոր է, որ ամենալավն ընդունվերն այն, որ Դաշնակցությունը զինված ապստամբության կոչ աներ, ինչը հատկապես դուր կգար պատերազմի մեջ գտնվող, բայց կռվելու ծարավ մեր զիլ խաժամուժին:
Բայց Դաշնակցությունն ընտրել է առաջին տարբերակը, եւ Դաշնակցությանը սիրողների թիվը դրանից հետո չի նվազել: Իսկ Դաշնակցությունը միշտ էլ ունեցել է սիրողներ եւ չսիրողներ: Վահան Հովհաննիսյանն ասում էր. «Դաշնակցությանը հնարավոր է սիրել, հնարավոր է նաեւ չսիրել, բայց հնարավոր չէ անտարբեր լինել»: Իսկ կարեւորը դա է:

Հովիկ Աֆյան

yerkir.am

Այս նյութը դիտել են - 1426 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook