USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մարդը՝ հողի մեջ
2016-08-16 01:04:00
Տպել Տպել

168.am-ը գրում է. «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»,- Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տվածհարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Նրան արդեն իսկ հասցրել են քննադատել այս հայտարարության համար, առաջիկա օրերին ու շաբաթներին քննադատություններն ու անվանարկումները շարունակվելու են։ Երևի մինչև հաջորդ նմանատիպ հայտարարություն, որը քննադատողների ու գրեթե բոլորի կողմից ներկայացվելու ու որակվելու ու գնահատվելու է՝ որպես պարտվողականության դրսևորում, հող հանձնելու պատրաստակամություն։

Քննադատողները քննադատում են ամենատարբեր պատճառներով։ Շատերը՝ ազնվորեն, համարելով, որ անգամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն է պատրաստ պարտվողականությանը, ոմանք՝ ուղղակի, ոմանք՝ տարբեր պատճառներից, կոնյունկտուրայից, այդ հայտարարությունն ու դրա մասին գնահատականները տարբեր շահերի ծառայեցնելու մղումով։ Ում մոտ ո՞ր մղումն է գերակայում, դժվար է ասել։ Ինչպես դժվար է հասկանալ ԼՂՀ նախագահի կողմից հատկապես այսօր ու այս իրավիճակում նման հայտարարությամբ հանդես գալու մղումը՝ արդյո՞ք նա այդ մասին խոսել է, որովհետև իսկապես հավատում է, որ դա է հակամարտության կարգավորման ողջամիտ ճանապարհը, թե՞ աշխարհաքաղաքական զարգացումներն են պարտադրել նման հայտարարություն հնչեցնել։

Բայց անկախ հայտարարողների ու քննադատողների մղումներից՝ ազնվությունը պահանջում է արձանագրել, որ այդ հայտարարությունը կամ գաղափարն է ընկած լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Այդպես է պահանջում արձանագրել ոչ միայն՝ ազնվությունը, այլ նաև՝ Ղարաբաղի ու ընդհանրապես Հայաստանի ապագայի մասին տեսլականը։ Եթե, իհարկե, տեսլականի հիմքում ընկած է խաղաղ, զարգացող ու բարգավաճող ու ժողովրդավարական երկրներ (երկիր) ունենալու ցանկությունը։ Հակառակը՝ հավերժական պատերազմող երկրի տեսլականն է։

Ի վերջո, երևի վաղուց ժամանակն է՝ ազգովի, ոչ թե՝ ազգովի, այլ՝ քաղաքացիաբար պատասխանելու հարցին՝ երկու հնարավոր այլընտրանքներից ո՞րն ենք մենք ցանկանում ընտրել՝ որպես հայկական պետականության/ների զարգացման ճանապարհ՝ հավերժական պատերազմողի՞, թե՞ խաղաղ բարգավաճողի հեռանկարը։ Ընդ որում, երկուսն էլ հավասարապես կարող են լինել արդարացված ու հիմնավորված, եթե դա լինի ոչ թե մի քանի ընտրյալների, այլ հասարակության, երկու երկրների հասարակությունների ընտրությունը՝ Ղարաբաղի ու Հայաստանի քաղաքացիների ընտրությունը։

Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները Ղարաբաղյան պատերազմի արդյունքում ազատագրվել և հայտարարվել են՝ որպես անվտանգության գոտի։ Այդպես հայտարարվելով, հայտարարվել է նաև այն գինը, որի դիմաց երբևէ կարող են վերադարձվել այդ տարածքները։ Անվտանգություն։ Բառի ամենաուղիղ, ամենանեղ, ամենահամընդգրկուն, ամենահարատև իմաստով։

Բակո Սահակյանի հայտարարության մեջ ամենակարևոր բառը ոչ «փոխզիջումն է», այլ «ողջամիտ»-ը, որը չի կարող ենթադրել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակով գոյություն Ադրբեջանի կազմում։ Ողջամիտն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։

Եվ Բակո Սահակյանին ու մյուսներին՝ Ղարաբաղում, բայց առաջին հերթին՝ Հայաստանում պետք է քննադատել ոչ թե՝ նրա համար, որ պատրաստակամություն է հայտնել զիջել այն տարածքները, որոնք ազատագրման պահին իսկ ազատագրվել են հանուն Ղարաբաղի անկախության ու վերադարձնելու նպատակով, այլ՝ որովհետև չեն կարողացել ու չեն կարողանում աշխարհի, բարեկամների, դաշնակիցների, թշնամիների ու լոյալների հետ հարաբերվել այնպես, որպեսզի աշխարհն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բացի՝ հակամարտության լուծման այլ տարբերակ չտեսնի։ Չտեսնի ու չքննարկի ու չպարտադրի։

«Ոչ մի թիզ հող» կարգախոսն այսօր մոդայիկ է ու մոդայիկ լինելով՝ ժողովրդահաճո է ու լայքաբեր։ Որովհետև հակառակի մասին խոսողները հեղինակազրկված են անթույլատելիության աստիճանի։ Ու ամենակարևորը՝ որովհետև «ոչ մի թիզ» հողի հակառակի մասին խոսողները, որոնք ճակատագրի, հանգամանքների ու արտաքին պարտադրանքի բերումով՝ իշխանության ներկայացուցիչներն են։ Նրանք այդպես են խոսում ոչ թե՝ այն պատճառով, որ դա բխում է նրանց աշխարհայացքից, գաղափարախոսությունից, մարդուն ամեն ինչից, անգամ՝ հողից վեր դասելու հավատամքից, այլ՝ որովհետև կարծում են, թե այդպես խոսելով՝ աշխարհն իրենց կվերաբերվի՝ որպես խիստ կառուցողականների, ու կթույլատրի շարունակել վայելել իշխանությունը, որի անգործության հետևանքով արժանապատիվ խաղաղությունը հավասարեցվել է պարտվողականությանը։

Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին իրականում ոչ թե Մոսկվայում, Փարիզում կամ Վաշինգտոնում է, այլ՝ ինչպես զզվելիության աստիճանի հաճախակիությամբ կրկնվել է՝ Երևանում։ Գոնե մեր մասով։ Բանալին Երևանում է ոչ թե այն իմաստով, որով նկատի ունեն այդ մասին այդքան հաճախ կրկնողները, այլ միանգամայն այլ՝ միանգամայն ներքին իմաստով։ Իսկ իմաստն այդ տակավին կապ չունի աշխարհաքաղաքական կենտրոնների կամ դավադրության տեսությունների հետ և կոչվում է ընտրական համակարգ։

Ղարաբաղյան հակամարտության արժանապատիվ լուծումը ժողովրդի վստահությունը վայելող, իրական լեգիտիմություն ունեցող իշխանությունն է, որը ներկայացնողները կարող են կատարել նաև զանգվածային փսիխոզի տեսանկյունից՝ ոչ հեշտ, բայց պետության ներկայի, ու ամենակարևորը՝ ապագայի համար կարևոր քայլեր։ Կամ առնվազն հարցնել այդ մասին հասարակությանը, որը համոզված չի լինի, որ անկախ իր պատասխանից՝ իշխանությունը կներկայացնի իր համար ցանկալի պատասխանը։

Ինչպես ներկայացնում է ընտրությունների արդյունքները։ Այսինքն՝ երբ կգտնվի այն «տղամարդը», որն առանց ներքին ու արտաքին քննադատության, առանց միայնակ մնալու ու քարկոծվելու, անգամ ու առավել ևս՝ առանց իշխանությունը կորցնելու վախի՝ կհայտարարի, որ ապրելու, արժանավայել ապրելու համար պետք է նաև զիջել կամ փոզխիջել, ու, որ դրա այլընտրանքը «Ոչ մի թիզ հող»-ը չէ։

Ղարաբաղյան համակարտությունն արժանապատիվ կարգավորում կունենա այն ժամանակ, երբ բացի վերը նշված գործոններից՝ որևէ կարծիք, տեսակետ ու դիրքորոշում կընդունվի ու կընկալվի՝ որպես կարծիք, տեսակետ ու դիրքորոշում, և ոչ թե՝ որևէ դավադիր կենտրոնի՝ Կրեմլի, Բաղրամյան 26-ի, Շուշիի առանձնակի կամ սովորական գումարտակի, մասոնական օթյակի և այլ կենտրոնների շահերի սպասարկմանն ուղղված դավաճանական քայլ։ Ինչպես, ի դեպ, կարող է որակվել ու, ամենայն հավանականությամբ, որակվելու է նաև սույն համեստ կարծիքը։
Այնպես որ՝ «Ոչ մի թիզ հող»։

Այս նյութը դիտել են - 5856 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook