USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պայքարը կառավարությունից տեղափոխվում է ՊՆ. Խաչատուրովը չի հանձնվում Armtimes
2016-10-01 02:38:00
Տպել Տպել
 

Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ: Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին: Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին, եւ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է ձեւավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում: Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին, եւ Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին:

 Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին՝ պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը:

Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը: ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել՝ հարցերը լուծելու:

Ամիսներ առաջ՝ դեռեւս գարնանը շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, թե Վիգեն Սարգսյանն է նշանակվելու արտգործնախարար:

Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը դեռեւս այն ժամանակ էր ցանկանում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անել ու նոր կառավարություն ձեւավորել: Ապրիլյան պատերազմը, սակայն, կասեցրեց այդ գործընթացը: Իսկ ամռանը տեղի ունեցած «Սասնա ծռեր» խմբի գործողություններն արդեն անխուսափելի դարձրին այդ փոփոխությունները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պաշտոնանկ անելն այդ փոփոխությունների առաջնահերթություններից էր:

Կարծիք կա, որ նրան պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցում նշանակություն են ունեցել ոչ միայն համակարգում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն երեւույթները, չարաշահումները եւ համակարգի «շնաձկներին» վերահսկել չկարողանալու հանգամանքը, այլեւ կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի շքեղ ֆոտոսեսիաները, որտեղ երբեմն Օհանյանն ինքն էլ էր հայտնվում:

Ֆոտոսեսիաներին զուգահեռ երբեմն տեղեկություններ էին հրապարակվում, թե իշխանական վերնախավում անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով փորձ է արվել վերջ դնել նախարարի կնոջ այդ յուրօրինակ սովորությանը, բայց Սեյրան Օհանյանը հակադարձել է, թե դա միայն իրենց ընտանիքին վերաբերող հարց է: Եվ այս դեպքում իշխանական վերնախավում ամիսներ շարունակ Ս. Օհանյանի մասին շրջանառվում էր գրականությունից հայտնի խոսքը՝ ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ապա, մեր տեղեկություններով, իսկապես, նախապես նրան արտգործնախարար նշանակելու մտադրություն է եղել: Վերջին տարիներին թե արտգործնախարարության, թե պաշտպանության նախարարության ղեկավարները ռուսամետ գործիչներ են եղել, եւ Ս. Սարգսյանը ցանկություն է ունեցել արտաքին քաղաքականության առումով այս երկու կարեւորագույն գերատեսչություններում հավասարակշռություն մտցնել ու դրանցից մեկում նախարար նշանակել ոչ ռուսամետ գործչի:

Էդվարդ Նալբանդյանը կարողացել է Ռուսաստանում իր պաշտոնավարման հարցը լուծել: Վերջինս անցած ամիս որպես դրա ապացույց՝ անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգեւատրվեց «Բարեկամություն» շքանշանով: Ինչ-որ կերպ վերը նշված հավասարակշռությունը ձեւավորելու համար մնում էր Վիգեն Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարար:

Այստեղ էլ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ս. Օհանյանը չի ցանկացել հեշտությամբ պաշտոնը զիջել: Հատկապես որ Նալբանդյանի նման նա էլ ռուսական ազդեցությունը կրող գործիչ է եւ փորձել է վերանշանակվելու հարցը դրսից լուծել: Բայց հավանաբար Ս. Սարգսյանին է հաջողվել ՌԴ-ի հետ լուծել այս նախարարությունների հարցերը եւ Վ. Սարգսյանին՝ որպես որոշակիորեն արեւմտամետ գործչի, նշանակել պաշտպանության նախարար: Ահա թե ինչու է այս երկու նախարարների նշանակումը ձգձգվում ու հասնում մինչեւ վերջին օրը:

Սակայն տեղեկություններ կան նաեւ, որ ՊՆ-ում էլ համակարգային կամ ազդեցության լծակների որոշակի փոփոխություն է տեղի ունենալու: Այստեղ հնարավորինս առանձնացվելու եւ ուժեղացվելու է Գլխավոր շտաբի գործունեությունը: Նախարարությանն ավելի շատ վերապահվելու է քաղաքականության մշակման դերակատարումը:

Իսկ սա նշանակում է, որ ՌԴ-ն չի ցանկանում պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ զիջել, հատկապես որ սպառազինության հարցն էլ իր մենաշնորհն է: Ճիշտ է, վերջին տարիներին ՊՆ-ում որոշակի գործընկերային կամ բարեփոխումների գործընթացներ են իրականացվել արեւմտյան կառույցների, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ, բայց այդ գերատեսչությունն ու հատկապես զինված ուժերը կառուցված են ՌԴ-ի մոդելով: Այդ գերատեսչության ղեկավարներն էլ միշտ նշանակվել են ՌԴ-ի համաձայնությամբ:

Ինչ վերաբերում է Ս. Օհանյանի հետագա պաշտոնավարմանը, ապա այստեղ էլ դժվար հաղթահարելի խութեր կան՝ նրան իր պաշտոնը չի ցանկանում զիջել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինս Օհանյանի հետ միասին ռուսամետ, ավելին՝ խորհրդային բանակի սպաներ են եղել: Ս. Օհանյանը 1988թ. է տեղափոխվել Անդրկովկասյան ռազմական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։

Այնուհետեւ 1992թ. ծառայությունը շարունակել ԼՂՀ բանակում: Իսկ Յու. Խաչատուրովը 1989թ. Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսում բրիգադի հրամանատար, որտեղից էլ 1992թ. Բելառուսի պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստան եւ այդպես էլ մնացել այստեղ ու ՀՀ ՊՆ-ում մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրել: Ս. Օհանյանն ու Յու. Խաչատուրովը Հայաստանում միաժամանակ են նշանակվել նախարար եւ Գլխավոր շտաբի պետ, բայց ի սկզբանե նրանք խորը հակասություններ են ունեցել:

Խաչատուրովը, ասում են, չի ենթարկվել նախարարին. նա որոշ դեպքերում, անգամ Ս. Սարգսյանին չի ցանկացել հաշվետու լինել, փոխարենն իր հարցերը լուծել է ՌԴ-ի հետ: Եվ եթե հիմա Օհանյանն իր համար ընտրի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա ավելի խորը առճակատման մեջ կհայտնվի Խաչատուրովի հետ: Իսկ թե ով կհաղթի այդ պայքարում կամ ՀՀ եւ ՌԴ ղեկավարներն այդ հարցում ինչ որոշում կկայացնեն, պարզ կդառնա առաջիկայում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 6877 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook