USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամերիկացի համանախագահը զգուշացնում է Ադրբեջանին...
2016-01-07 15:08:00
Տպել Տպել
 
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացել է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ փակ լսումը, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանձնաժողովի նիստում այդ կառույցի ղեկավար Էդ Ռոյսը կոչ է արել Սպիտակ տանն արագացնել հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդնումը, հակամարտության թեժացում թույլ չտալու համար, հաշվի առնելով լարվածության աննախադեպ աճը:

 Ինչպես հայտնի է, ԱՄՆ Պետքատուղարությունը նախորդ տարի դեկտեմբերին իր հավանությունն էր տվել կոնգրեսականների այդ առաջարկին: Հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ համանախագահ Ուորլիքը, ասելով, որ Երեւանն ընդունում է առաջարկը, իսկ Բաքուն՝ մերժում:

 Ավելին, ամերիկյան կողմի այդօրինակ պատրաստակամության մասին խոսք էր գնացել նաեւ դեռեւս անցնող ամռանը, երբ ԱՄՆ էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

 Թե հատկապես ինչ քննարկում է ծավալվել Կոնգրեսում լսումներին, հայտնի չէ, քանի որ այն փակ է եղել: Բայց, համանախագահ Ուորլիքը լսումներից հետո հանդես էր եկել թվիթերյան գրառումով, որտեղ նշել էր, որ Կոնգրեսի հետ պայմանավորվել են կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին:

 Ի՞նչ է դա նշանակում: Ուորլիքի հայտարարությունը կարիք ունի առավել հանգամանալից պարզաբանման: Ի՞նչ մեանիզմներով ու լծակներով կարող է ԱՄՆ Կոնգրեսը ներգրավվել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եվ արդյոք Ուորլիքի հայտարարությունը, թե պայմանավորվել են աշխատեղ միասին, վերաբերում է լոկ իր եւ Կոնգրեսի միջեւ պայմանավորվածությանը, թե՞ խոսքը ընդհանրապես Մինսկի խմբի համանախագահ եռյակի եւ ԱՄՆ Կոնգրեսի գործակցության մասին է:

 Կոնգրեսի ներգրավումն արդյոք նշանակում է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը կարող է առաջիկայում քննարկել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ օրենսդրական որոշակի նախաձեռնություններ, որոնք կարող են Կոնգրեսում հայտնվել Սպիտակ տան կամ Պետքարտուղարության հետ խորհրդատվության արդյունքում: Ասենք, նախաձեռնություններ, որոնք կօգնեն ԱՄՆ դիվանագիտությանը ավելի արդյունավետ աշխատել հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղությունն ու կայունությունը, հրադադարի պահպանումը ապահովելու ուղղությամբ:

 Օրինակ, արդյոք Կոնգրեսի ներգրավումն ու համատեղ աշխատանքը կարող են դրսեւորվել ԱՄՆ օրենսդիր մարմնում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ որեւէ օրինագծի ներկայացման տեսքով, որը կարող է ճնշում լինել Ադրբեջանի վրա՝ հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկներն ընդունելու համար:

 Բանն այն է, որ եթե Բաքուն չի ընդունում այդ մեխանիզմները, կնշանակի մերժում է կարգավորման խաղաղ գործընթացն ընդհանրապես: Իսկ դա նշանակում է պատերազմ՝ դանդաղ, թե արագ, էական չէ: Իսկ պատերազմի պարագայում հաղթողի հիմնական հավակնորդը լինելու է ոչ թե Ադրբեջանը, ու ոչ էլ Հայաստանը, այլ Ռուսաստանը:

 Ի դեպ, պատահական չէ, որ Մոսկվան մեծացնում է իր ռազմական ներուժը Հայաստանում: Մի կողմից այդ հանգամանքը կարող է անգամ ակամայից ծառայել Հայաստանի անվտանգությանը, հետեւաբար նաեւ Կովկասի կայունությանը, մյուս կողմից դա այդպես կլինի միայն այն դեպքում, երբ մշտապես «թարմ» վիճակում պահպանվի ռուս-թուրքական գժտությունը:

 Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը մարտավարական առումով իբրեւ ձեռնամուխ լինելով Հայաստանի հանդեպ անվտանգության դաշնակցային պարտավորությունների կատարմանը, ռազմավարական առումով շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել «վաճառել» դրանք Թուրքիային ու Ադրբեջանին, Արցախում իր ռազմական ներկայության դիմաց հավանություն ստանալու համար:

 Եթե ԱՄՆ-ին հաջողվում է Ադրբեջանին բերել հետաքննության մեխանիզմի դաշտ, ապա ռուսական ռազմավարությունը կարող է ձախողվել երկարաժակետ իմաստով կամ գուցե վերջնականապես: Այդ դեպքում արդեն Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը կդառնա կամ անիմաստ, կամ նույնիսկ Մոսկվայի կամքից անկախ կիմաստավորվի արդեն Հայաստանի անվտանգության համատեքստում:

 Եթե Ադրբեջանն այդ դաշտ չի գալիս, մշտապես թարմ պահելով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ապա ԱՄՆ-ին այլ բան չի մնում, քան հնարավորինս լայն դաշտ բացել լայնամասշտաբ պատերազմի կամ սպառնալիքը կանխարգելելու ավելի մեծ հնարավորությունների համար, կամ այդ պատերազմին միջամտելու ավելի մեծ հնարավորության համար:

 Եվ այդ դաշտը այսպես, թե այնպես պետք է բացվի օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի միջոցով:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1483 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook