Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվեց մեկ ժամով: Այս ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ դատարանի շենքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նա պահանջել է, որ դատարան ներկայանա ՄԻՊ գրասենյակից ներկայացուցիչ:
Գ. Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Ազատության ուղիղ եթերում հայտարարեց, որ հստակ ճնշումներ են գործադրվում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Նրան հայհոյում եւ ծեծում են դատարանի շենքում:
«Ինձ տեղեկություն են փոխանցել, որ դատական նիստը սկսելուց առաջ Սաֆարյանի նկատմամբ հայհոյանքներ են հնչել եւ ֆիզիկական ուժ է կիրառվել: Գեւորգը խնդրել է, որ ՄԻՊ գրասենյակից ներկայացուցիչներ ներկայանան:
Ինձ առայժմ չեն թույլատրում տեսակցել իմ պաշտպանյալին»,-հայտարարեց փաստաբան Եգորյանը:
Փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ տեղի է ունենում ապօրինություն դատարանի շենքում: Ոստիկանները օրենք են խախտում՝ գտնվելով դատական նիստերի դահլիճում, ինչի իրավուքնը չունեն:
«Չի կարող այսպես շարունակվել: Հայաստանի դատարաններում խոշտանգում է տեղի ունենում եւ հանգիստ նստում ենք, սա չի կարող այսպես շարունակվել: Նիստերի դահլիճը լեցուն է ոսոտիկաններով, մինչդեռ դատական կարգադրիչները պետք է դուրս հրավիրեն նրանց:
Ոստիկանությունը գրավել է դատարանի շենքը եւ չենք կարող ասել, որ արդարադատություն է իրականացվում»:
Փաստաբանի համար տարօրինակ է, որ անգործության է մատնված ՀՔԾ-ն, մինչդեռ շատ շտապ պետք է քրեական գործ հարուցվեր: