USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրողի կենսագրություն, որ լացացրեց աշակերտուհուս
2018-09-08 08:48:00
Տպել Տպել

12-րդ գ դասարանում նոր դասանյութի հաղորդման ժամանակ հայացքս ընկավ աշակերտուհուս խոնավացած աչքերին: Չտեսնելու տվեցի՝ հասկանալով, որ երբեմն գրողի կենսագրությունը, նրա ստեղծագործությունն ուսումնասիրելիս զուգահեռվում ենք մեր իրականությանը...Ես խոսում էի գրողներից Գուրգեն Մահարու կենսագրության մասին, և ինչ-որ դրվագներ կապակցվում էին հանգուցյալ հորս մանկության տարիներին:

Ամեն անգամ, Մահարի անցնելիս, ինձ ավելի ընկալելի են դառնում հորս ապրումները, երբ վաղ հասակից, ծնողներին կորցնելով, նրան քրոջ հետ տարան մանկատուն: Գաղթի ճանապարհին Մահարին քրոջն էր կորցրել: Հայրս էլ կորցրեց իր քրոջը, երբ տղաներին և աղջիկներին տարբեր մանկատներում տեղավորեցին... Մանկության դառը օրերի մասին այդպես էլ ոչինչ չպատմեց հայրս, բայց գիտեմ, որ տարբեր մանկատներում է եղել: Իրենից մեկուկես տասնամյակ առաջ որբանոցներում ապրած Գուրգեն Մահարին հետագայում իր «Ինքնակենսագրականի» մեջ գրել է. «1915 թ.-ին ես Էջմիածին ընկա, հետո՝ Դիլիջան, հետո՝ Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ...»:
Հաջորդ օրը գրականության դասաժամին նույն աշակերտուհին՝ Տաթևիկ Ղահրամանյանը, ցանկություն հայտնեց, որ պատմի դասը, նաև իր նստարանին Մահարու գրքերից էին, որ վերցրել էր գրադարանից: Դասարանը քարացած լսում էր նրան, այդ նույն հափշտակությամբ ես էլ լուռ վայելում էի նրա ամեն մի խոսքը: Դա շարունակվեց այնքան, մինչև որ հանկարծ զգացինք, թե ինչպես խզվեց ձայնը, մի տեսակ դարձավ կերկերուն... Ես շրջվեցի. նա լուռ արտասվում էր... Սրբեց աչքերը, իսկ ես հմայված նայում էի նրան, ով դարձել էր հույզերի մի գեղեցիկ աշխարհ:
Ո՛չ, ես չէի կարող տխրել, երբ հիացած էի, ու իմ հիացմունքն արտահայտեցի շատ հպարտորեն: Դա հրաշք էր, ապրումի մի այնպիսի հուզական դրսևորում, որ չէի կարող չընդհատել նրան... Գոհունակություն հայտնեցի, որ այսպես ապրեցնել գիտի իր շրջապատին, որ այսպես մարդկային զգացումների հորդացած մի աղբյուր կարող էր մեզ էլ հուզել իր զգացմունքների գագաթնակետին: Շուտով արցունքների միջից նա սկսեց ժպտալ, ապա այդ արցունքոտված ժպիտը կամաց-կամաց անհետացավ, ու նորից շարունակեց գրողի մասին խոսել...
Ես չկարողացա մեկ ուրիշի դաս հարցնել, անցա գրողի ինքնակենսագրական հնգապատումին, որտեղ մի ծանր կյանքի նկարագրություն կար, առավել տառապալիցը նրա ճամբարային սիբիրյան աքսորի տարիներն էին, որտեղ մարդը չի կորցնում իր դեմքը, պահպանում է իր զգացումները և այդ իսկ ջերմությամբ կարողանում անգամ փշալարեր կենդանացնել: /«Ծաղկած փշալարեր»/:
Բայց դրանով չվերջացավ ամեն ինչ, հետո Տաթևիկը փոխանցեց ինձ տողեր. «Մահարին ինձ ամբողջությամբ կլանել էր։ Թվաց՝ ես էլ զգացի նրա մանկության երկնքի ամենամեծ արևի ջերմությունը, բաց պատուհանից նշմարեցի լուսնին, բայց այդ հիացումի ապրումները մի վայրկյանում փոխարինվեցին հոգի կաշկանդող զգացումներով...Կարծես իմ աչքի առջև որբացան երեխաներ, կորցրին հարազատներին ու իրենց անհոգ մանկությունը։ Չկարողացա հուզմունքս զսպել, անկարող եղա սառնասիրտ լինել որբացած երեխաների, մարդկային ողբերգության, կորսված հայրենիքի հանդեպ»:
Միայն դասաժամի ավարտից հետո, երբ դուրս եկա դասարանից, հիշեցի, որ մոռացել, չէի գնահատել իմ աշակերտուհուն: Բայց ի՞նչ գնահատեի, մի՞թե այն ամենաբարձր «10» գնահատականն իր մեջ կամփոփեր այն մեծ հուզումը, որ նա զգաց այդ դասաժամին՝ յուրահատուկ ձևով ապրեցնելով բոլորիս:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9640 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook