USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը իրանական ISNA լրատվական գործակալությանը
2016-01-22 14:57:00
Տպել Տպել

— Ինչպե՞ս եք գնահատում Իրան—Հայաստան հարաբերությունները։

— Հայ—իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված հարեւան երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրա։
Այս տարիների ընթացքում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Իրանը բախվել են տարբեր մարտահրավերների։ Բավական է միայն հիշել անկախացումից հետո էներգետիկ եւ տրանսպորտային շրջափակման հետեւանքով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ—տնտեսական կացությունը եւ պատերազմական վիճակը՝ կապված ղարաբաղաադրբեջանական հակամարտության հետ։ Այսօր բոլորն են հիշում, թե ինչպես էր այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դարձել ուղղակի «կյանքի ճանապարհ»։ Իսկ Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը խաղաղ գործընթացի կարեւորագույն երաշխիքներից մեկն էր եւ այսօր էլ մնում է այդպիսին։
Անշուշտ հիշատակության արժանի է նաեւ Արեւմուտքի կողմից Իրանը մեկուսացնելու, ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների ենթարկելու ողջ ժամանակահատվածում Հայաստանի կողմից ցուցաբերված բարեկամական վերաբերմունքը եւ միջազգային զանազան ատյաններում դրսեւորած իրանանպաստ քաղաքական դիրքորոշումը։
Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, որ Հայաստանն այն երկրների շարքում էր, որ առաջիններից մեկը ողջունեց Վիեննայում Իրանի եւ «5+1» խմբի ընդունած միջազգային համաձայնությունը, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 
Կարելի է, իհարկե, հանգամանորեն ներկայացնել Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների համատեղ անցած ողջ ժամանակաշրջանը, այդ ընթացքում կատարված մեծ ծավալի աշխատանքը, սակայն իրականության դեմ չմեղանչելու համար ուզում եմ նշել, որ հայ—իրանական միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զգալիորեն զիջում է քաղաքականին։ Այդ իսկ պատճառով իմ՝ ՀՀ դեսպանի պարտականություններին անցնելու առաջին օրվանից դեսպանության գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ նախագահի եւ կառավարության՝ այս ուղղությամբ տրված առաջադրանքների կատարման ակտիվացումը մեր երկկողմ աշխատանքային հարաբերությունների օրակարգի կարեւոր մասը դարձնելուն։ 
Հարկ եմ համարում նշել, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար այսօր կան մի շարք նախադրյալներ։ Առաջինը Իրանի դեմ սահմանված ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների վերացման հարցն է, մի բան, որ հնարավորություն է տալիս մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները, իրականացնել ներդրումային ծրագրեր եւ ֆինանսական հնարավորություն է ստեղծում տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։ Երկրորդը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանը։ Այս առումով Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵԱՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի եւ մեկնարկային հարթակի դեր։ Ավելորդ չէ հիշել, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ։
Մի հանգամանք եւս. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ արտոնյալ առեւտրային ռեժիմներ ունի ԵՄ 28 երկրների հետ։ Այսինքն Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ արտոնյալ պայմաններով կարող են առաքվել ԵՄ անդամ երկրներ։
Այսքանից հետո մեզ մնում է լավագույնս իրազեկել գործարարներին՝ ստեղծված բարենպաստ պայմանները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար Իհարկե երկու կողմերի պետական մարմինները եւս բավարար ջանքեր պետք է ներդնեն տնտեսական հարաբերությունների մակարդակն իրապես բարձրացնելու համար։

— Իսկ այս ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից ի՞նչ աշխատանք է արվում։


— Նախ բավականաչափ արդյունավետ է աշխատում հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է գործադիր իշխանության բոլոր օղակների գործունեությունը։ Տնտեսական հարաբերությունների խնդիրները համակողմանիորեն քննարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան կատարած այցերի շրջանակներում։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այցերը Իրան, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ տնտեսական երկկողմ ծրագրեր։ Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում է, որ արդեն վերսկսվել է Հայաստան—Իրան 3—րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը կատարվում է իրանական կողմի վարկավորմամբ։ 
Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2015թ. նոյեմբերի 9—ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած Իրան—Հայաստան գործարար համաժողովը, որն աննախադեպ էր երկու կողմերի գործարարների մասնակցության ակտիվության մակարդակով։ Հայաստանի կողմից համաժողովին ներկա էին 50, իսկ Իրանի կողմից՝ շուրջ 300 գործարարներ։ Եվ այսօր համաժողովի շրջանակում կայացած համաձայնությունների արդյունքում համագործակցության առանձին ծրագրերի քննարկումներն ընթացքի մեջ են։ Անհրաժեշտ է նշել, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում էին եւ ելույթներ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն։ Դեսպանությունը շարունակելու է հետեւողական աշխատանքները գործարարների իրազեկման, ՀՀ օրենսդրության, գործարար միջավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության տրամադրման եւ գործարար կապերի ստեղծմանն աջակցելու ուղղությամբ։
Առջեւում խոշոր եւ կարեւոր ծրագրեր կան։ Դա «Հյուսիս—հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծման խնդիրն է (ավտոճանապարհ, երկաթգիծ, բեռնահամալիր եւ այլ ենթակառուցվածքներ), Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ—ը, Մեղրիի ժամանակակից մաքսատունը եւ այլն։ 
Կարեւոր է նաեւ տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը։ Քննարկման փուլում է Իրան—Հայաստան—Վրաստան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության ապահովման խնդիրը։ 
Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Երեւանում կայացավ հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 13—րդ նիստը, որի օրակարգն ընդգրկում է երկկողմ համագործակցության խնդիրների չափազանց լայն շրջանակ։ 

— Ի՞նչ փուլում են գտնվում կողմերի միջեւ ստորագրված հուշագրերն ու պայմանագրերը։


— Մինչ այսօր ստորագրվել են 150—ից ավելի փաստաթղթեր։ Ընդունված համաձայնագրերը, պայմանագրերը եւ հուշագրերը ստեղծում են բավականաչափ հուսալի իրավապայմանագրային հիմք։ Սրանք ներառում են երկու կողմերի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իհարկե չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան։
Տասնյակ փաստաթղթեր գտնվում են քննարկման փուլում։ Խոսքը վերաբերում է ե՛ւ կոնկրետ տնտեսական ծրագրերին, ե՛ւ տարբեր ոլորտներում (էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն, սպորտ) համագործակցության եւ իրավահարաբերությունների կարգավորման հարցերին։ 
Կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումն ավելի իրատեսական են դարձնում։ 

— Ինչպե՞ս եք գնահատում Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաների այցելությունները, եւ ապագայում ի՞նչ այցեր կարող ենք սպասել։

— Որոշ այցերի մասին ես արդեն խոսեցի, եւ դրանք վերաբերում էին տնտեսական հարաբերությունների ոլորտին։ Սակայն դա փոխայցելությունների ողջ շրջանակը չի ներկայացնում։ Մասնավորապես 2015թ. հունվարին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այցելեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Ամռանը Երեւանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ—ի 70—ամյակին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով, երկօրյա այցով Երեւանում էր ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին։
Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. դեկտեմբերի 13—15—ը Թեհրան կատարած այցի ժամանակ։
Տեղի են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների, պատվիրակությունների եւ մասնագիտական աշխատանքային խմբերի այցելություններ։
Ինչ վերաբերում է 2016—ին, քանի դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, չէի ցանկանա սպասվող փոխայցելությունների մասին տվյալներ բերել, սակայն վստահ եմ, որ տեղի կունենան քաղաքական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք այցելություններ, ինչպես նաեւ երկու կողմերի կառավարությունների եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ակտիվորեն կշփվեն եւ կօգտագործեն համագործակցության բոլոր հնարավորությունները։

— Որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները այլ երկրների նկատմամբ։


— Հայաստանը վարում է բազմավեկտոր եւ ընդգրկուն արտաքին քաղաքականություն եւ ունի միջազգային ներգրավվածության բարձր մակարդակ։ Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված կարգավորումն է։ Եվ այս հարցում կարեւոր է Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունը, որը դարձել է տարածաշրջանային կայունության կարեւոր գործոններից մեկը։ Հայտնի է, իհարկե, որ հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքային դիրքորոշումը համարժեք պատասխան վերաբերմունքի չի արժանանում Ադրբեջանի կողմից։ Վերջինիս կողմից հրադադարի պարբերաբար խախտման մարտավարությունը, այդ թվում՝ հայկական բնակավայրերի գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերով, նպատակամղված են վիժեցնելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ հենց այս պատճառով է, որ չափազանց մեծ կարեւորություն է ձեռք բերում միջազգային հանրության սկզբունքային վերաբերմունքը տվյալ հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու հարցում։ Ի դեպ այստեղ տեղին է նշել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, մի բան, որ վկայում է բարդագույն խնդիրներն ու տեւական դիմակայության հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու իրատեսությունը, եթե իհարկե կողմերն անկեղծ ու բավարար ջանք են գործադրում դրա համար։
Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում հարեւան պետությունների, մասնավորապես, Իրանի եւ Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը եւ համագործակցության շրջանակների ընդարձակումը։ Արտաքին քաղաքականության այս ուղղությունը կենսական նշանակություն ունի ՀՀ համար՝ հաշվի առնելով մեր մեկ այլ հարեւան պետության՝ Թուրքիայի կողմից միջպետական սահմանն անօրինական կերպով փակ պահելու հանգամանքը եւ ԼՂ հակամարտության առկայությունը։
ՀՀ արտաքին քաղաքականության մեկ այլ կարեւոր ուղղություն է ՌԴ հետ ռազմավարական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Հայաստանը նաեւ կարեւորում է ԱՄՆ–ի հետ բարեկամական գործընկերության շարունակականությունը, ինչպես նաեւ ԵՄ հետ համագործակցության սերտացումը։ Այս առումով նշեմ, որ վերջերս ազդարարվել է ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ նոր փաստաթուղթ ստորագրելու մասին բանակցությունների մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը որակական նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ—ԵՄ հարաբերությունները։ 

— Ինչպե՞ս եք գնահատում Միջին Արեւելքի եւ մասնավորապես Սիրիայի իրադարձությունները։


— Հայաստանի համար Մերձավոր Արեւելքի երկրների հետ հարաբերությունների կարեւորությունը պայմանավորված է մերձավորարեւելյան տարածաշրջանի հարեւան լինելու հանգամանքով եւ այնտեղ ծավալվող գործընթացների՝ միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արեւելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։
Այս առումով մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում եւ Իրաքում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, ահաբեկիչների գործողությունների հետեւանքով ունեցած բազմաթիվ զոհերով եւ պատճառված ավերածություններով։ Սիրիացի բարեկամ ժողովրդի համար ներկայումս ծանր ժամանակաշրջան է, եւ այդ դժվարությունները կիսում է նաեւ սիրիահայությունը։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ երբ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, եւ Սիրիան դարձավ նրանց ապաստանն ու երկրորդ հայրենիքը։ Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները։ Հայաստանը նաեւ հազարավոր սիրիահայ փախստականների է ընդունել, եւ կառավարությունը գործադրում է ջանքեր նրանց հոգսերը Հայաստանում թեթեւացնելու եւ համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ի դեպ, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Հալեպում։
Ընդհանուր առմամբ, մեզ մտահոգում են Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրները, որոնք հաճախ են հարձակման թիրախ դառնում ծայրահեղականների կողմից։ Այս առումով շնորհակալ ենք Սիրիայի կառավարությանը՝ սիրիահայ համայնքի եւ Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, իրոք ողբերգություն է։ Մենք ցանկանում ենք, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները եւ վերադառնա բնականոն կյանք, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Այս ճգնաժամի հաղթահարումը եւ խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, հրադադարի հաստատման, բոլոր շահագրգիռ ու կառուցողական ուժերի միջեւ քաղաքական բանակցությունների իրականացման միջոցով։

— Ձեր տեսակետը տարածաշրջանում ահաբեկչության ծավալման եւ աշխարհի համար դրա սպառնալիքների նկատմամբ, եւ Հայաստանը ի՞նչ ծրագրեր ունի ահաբեկչական խմբերի ավելացմանը դիմագրավելու համար։

— Ահաբեկչությունը, որը չի ճանաչում որեւէ կրոն, ազգություն եւ աշխարհագրական սահմաններ, սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար։ Եվ, հավատացեք, դա բնավ չափազանցություն չէ՝ հաշվի առնելով այդ անդրազգային չարիք—երեւույթի առջեւ բացված մեծ հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների արդի դարաշրջանում։ Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միասնական լինի «Իսլամական պետության» եւ նման այլ ահաբեկչական կառույցների դեմ առանց նախապայմանների պայքարի հարցում, եւ միջազգային իրավունքն էլ լիովին ընձեռում է այդ հնարավորությունը։ Ռազմական պայքարից բացի նախ եւ առաջ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչական կառույցներին տարբեր տեղերից հատկացվող ֆինանսական հոսքերին, իրականացնել համալիր կրթական, մշակութային եւ քարոզչական միջոցառումներ ահաբեկիչների գաղափարախոսության տարածմանը հակազդեցություն ցուցաբերելու համար։
Ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից Մերձավոր Արեւելքում մեծ զրկանքներ են կրել նաեւ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները։ Միջազգային ատյաններում Հայաստանը հետեւողականորեն բարձրաձայնել է Մերձավոր Արեւելքում ծայրահեղականների բռնությունների հետեւանքով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։
Մենք այսօր Սիրիայում եւ Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ։ 1915թ. իրականացված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դրսեւորում էր։ Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ՝ ուղղված մարդկության եւ քաղաքակրթության դեմ, ինչի վկայությունն են նաեւ այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։ Հայաստանը մշտապես դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացվող մարդատյաց հանցագործությունները եւ գտնում է, որ խնդիրն այնպիսի կարեւորություն է ստացել, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր երկրների ու քաղաքական ուժերի այլ տարաձայնություններն ու հակասությունները եւ միասնական, սկզբունքային վերաբերմունք դրսեւորել համընդհանուր պայքարի եւ արմատական գործողությունների համար։

HHpress

Այս նյութը դիտել են - 1596 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook