USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դասանյութին համահունչ հարց. «Մեր օրերում կլինե՞ն այդպիսի աղջիկներ կամ տղաներ...»
2018-01-19 22:59:00
Տպել Տպել

Դասանյութի թեմային համահունչ հարց ուղղեցի աշակերտներին 6-րդ ա դասարանում: Հերոսուհին սիրած երիտասարդին առաջարկում է, որ կամուսնանա նրա հետ միայն այն դեպքում, երբ նա մոտակա սարը կանաչեցնի, որպեսզի այնտեղից հոսող ջրերը չվնասեն գյուղացիների վար ու ցանքին: Բազմաթիվ արձագանքներ ունեցավ իմ հարցը, թե մեր օրերում աղջիկներն արդյո՞ք նման առաջարկ կանեին կամ կլինե՞ն տղաներ, որ հանուն իրենց սիրո՝ տաս տարի կչարչարվեն, որ իրականացնեն աղջկա երազանքը:

Նույնիսկ ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն էլ հակադարձեցին, որ մեր ժամանակներում աղջիկներն այդպիսի առաջարկ չեն անի, հակառակ դեպքում տղաներն էլ, նման իրավիճակում հայտնվելով, չեն ընդառաջի այդ առաջարկին: Որքան զարմանալի, նույնքան անսովոր էին այս փոքրերի կողմից արտահայտված մտքերը, նույնիսկ փորձեցի ոմանց հակադարձել, ովքեր միայն նյութականը նկատի ունեին, երբ նոր օրերում էլ կան անկեղծ ու մաքուր հարաբերություններ, որտեղ գեղեցիկ կարող է լինել ծաղիկների նվիրումը, սիրալիր խոսքը, բարեհամբույր ժպիտը, սիրո նրբագեղ զգացումը...
«Կան աղջիկներ, որ ինձ թվում է՝ մի քիչ չափն անցնում են: Նրանց հետաքրքրում է նյութականը՝ թանկարժեք օծանելիք, հագուստ, գումար, պաշտոն, այլ ոչ թե սեր, հավատ, հարգանք...Այդպիսի աղջիկներին խնդրում եմ տղաներից չպահանջեն, որ իրենց համար երկնքից աստղեր իջեցնեն, դրա փոխարեն թող աղջիկներին նվիրեն մաքուր ու անկեղծ սեր, ջերմություն, հոգատարություն, իսկ նվերները թող տղաներն ընտրեն՝ իրենք գրպանին համապատասխան» /Գրիգորյան Վարդիթեր/:
«Մեր օրերում աղջիկները տղաներից ուզում են թանկարժեք իրեր: Աղջիկը նվեր է ուզում տղայից տվյալ պահին ինչ չունի ինքը, այսինքն՝ ուզում է ունենալ: Դա կարող է նույնիսկ լինել փոքր հուշանվեր, ծաղիկ, ոսկյա զարդեր, մուշտակ, հեռախոս...Բայց, կարծում եմ, այս դեպքում արժեքը չէ կարևորը, այլ թե ինչպես է այն մատուցվում» /Օհանյան Կիմ/:
«Կարծես ոչ ոք ոչ մի բանի կարիք չունի 21-րդ դարում, երբ ամեն մեկն իր հնարավորությունների չափով բավարարված է: Իսկ ես, լինելով հակառակ սեռի ներկայացուցիչ, կցանկանայի, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդ հարցում վերագտնեն իրենց «ես»-ը, լինեն տարբերվող իրենց ճաշակով և ոճով: Կան աղջիկներ, որ նվեր ասելով հասկանում են թանկ հեռախոս, մեծ արջուկ կամ թանկարժեք քարերով որևէ ոսկերչական իր, բայց պետք է հասկանալ, որ նման նվերներ գնելու համար տղային անհրաժեշտ է միայն փող, ուրիշ ոչ մի բան... Սակայն հավատացե՛ք, աղջիկնե՛ր, որ դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, եթե ձեր սիրելիները ձեզ նվիրեն իրենց երևակայության «օրիգինալ» արդյունքը, որի մեջ նրանք դնում են սեր, հոգատարություն ու ժամանակ: Նրանք մեծ ոգևորությամբ կսպասեն ձեր արձագանքին, և դուք կհասկանաք, թե ինչքան թանկ եք նրանց համար» /Հարությունյան Արամ/:
«Մեր օրերում աղջիկները, իհարկե, Խոսրովանուշի նման այդպիսի առաջարկ չեն անում, բայց եթե առաջարկեն անգամ, Գեղամի պես հիմա տղաները չեն կատարի նրանց խնդրանքը: Աղջիկների մեծ մասը տղաներից խնդրում են նյութական արժեք ունեցող իրեր, օրինակ՝ բջջային հեռախոս, «սելֆիի» ձող, թանկարժեք զարդեր, հագուստ, կոշիկ...Կան աղջիկներ, որ ցանկանում են իրենց ընկերների հետ հաճախեն տեսարժան վայրեր, սրճարան, ռեստորան, բայց, իհարկե, կան նաև այնպիսիները, որ տղաներից ցանկանում են սեր, հարգանք, հոգատարություն...» /Ավանեսյան Կարեն/:

Լսեցի նաև դասարանի մյուս աշակերտների կարծիքները, որ շատ ավելի «դաժան» էին աղջիկների հանդեպ, ու զարմացա: «Ես համոզված եմ, որ այս դարի աղջիկներն այդպիսի առաջարկ չէին անի տղաներին, ինչպես «Գեղամա լեռներ, Գեղամա ծով» դասի Խոսրովանուշը: Մեր օրերում շատ աղջիկներ սիրում են փողը, անձամբ ես շատ դեպքեր գիտեմ, որ աղջիկը տղայի հետ ամուսնացել է փողի համար, բայց կան նաև աղջիկներ, որ իսկապես սիրում են, հետո ամուսնանում, իսկ նրանք շատ քիչ են» /Ավետիսյան Ռաֆիկ/:
Որտեղի՞ց է գալիս այս թերահավատությունն աղջիկների հանդեպ, որ նույնիսկ այս դեռահասները համարձակվել են բացասական մտքեր արտահայտել մեր օրերի աղջիկների մասին: Մեծերի կարծիքնե՞րն են, որ փոխանցվել են նրանց, թե՞ իսկապես ժամանակներն են փոխվել, և սիրո այն գեղեցիկ ապրումներն իրենց տեղը զիջել են նյութականին: Եթե անգամ, հանուն սիրո, Գեղամի նման սարը կանաչեցնող երիտասարդ չկա մեր շրջապատում, բայց մի՞թե քիչ են նրանք, ովքեր պատրաստ են հանուն հայրենի հողի՝ զոհաբերել իրենց անձնական սերն անգամ, հանուն ավելի մեծ գաղափարների, այդ թվում՝ հանուն բոլորիս խաղաղ ու բարեկեցիկ կյանքի: Իսկ գուցե ճշմարտությու՞նն էր աղաղակում նրանց մաքուր գրչով, որին չեմ ուզում հավատալ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8259 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook