USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հպարտ եմ, որ Ձեզ հետ աշխատում եմ նույն դպրոցում, քայլում նույն ճանապարհով
2018-12-13 09:41:00
Տպել Տպել

Շնորհակալությունս հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհի Գոհար Մամունցին և Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին: Իմ դպրոցն է, այնտեղ դասավանդող ուսուցչուհին, հրաշալի կերպար, ով իմ գրքի շնորհանդեսի օրն իր սրտի խոսքին միաձուլեց ուսուցիչների շնորհավորանք-ողջույնները՝ բոլորի անունից ինձ նվիրած վարդերի բուրավետ ջերմությամբ:
Նատաշա Պողոսյան

«Խոսքս ուզում եմ սկսել հետևյալ թևավոր արտահայտությամբ. «Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով ու փակում հանգստացած»: Գրքի ստեղծագործական ընթացքը շատ դժվար է, մեր օրերում հրատարակելը` բարդ գործ, մանավանդ, եթե այն իրականացվում է ուսուցչի համեստ աշխատավարձով: Եթե գիրքն ունի ընդամենը մեկ նախադասություն, որը շատ կարևոր է, արժե այն հրատարակել: Իսկ եթե յուրաքանչյուր գիրք ունի մեկ կարևոր, իմաստալից նախադասություն, արժե այդ մեկ նախադասության համար ամբողջ գիրքը կարդալ: Քանի անքուն գիշերներ, ինչպիսի տքնանք ու բարդություն, երբ չգիտես` ինչ ունես ասելու, ընթերցողի դատին հանձնելու: Ստեղծագործելը նման է երկունքի: Գրքերն էլ ծնվում են ցավ ու տառապանքով, սիրելի դառնում երեխայի նման:
Այսօր տիկին Պողոսյանն ընթերցողի դատին է հանձնել «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը, որը գտել է իր ընթերցողին: Շուրջբոլորը տիրող ոգևորությունից արդեն պարզ էր, թե ինչքան սպասված էր այն: Գիրք, որտեղ ամբողջանում է մի հայրենիք` Արցախ անունով, մարտերում կերտված մի թիզ հողակտոր` Մարտակերտ անունով, հերոսի անուն կրող դպրոց և այդ դպրոցում սովորող աշակերտներ` այս անգամ գրքի հերոսներ դարձած: Զարմանալ կարելի է այդքան եռանդ ունեցող կնոջ կերպարի վրա, հիանալ նրա աշխատասիրությամբ:
Մարդ, ով իր ապրած յուրաքանչյուր պահը խնամքով պահպանում է` հետագայում գրքերի տեսքով սերունդներին փոխանցելու: Իսկական գրողին վայել ստեղծագործություն է «Մանկավարժի օրագիրը», սակայն տիկին Պողոսյանը համեստորեն դեմ է իրեն` գրող անվանելուն: Ու սիրում է կրկնել, որ ոչ մի գրողի կամ պաշտոնի հետ չի փոխի ուսուցչությունը, մանկավարժի առաքելությունը: Թերթելով «Մանկավարժի օրագիր» գրքի արդեն 2-րդ մասը` տեսնում ենք այնտեղ արձանագրված դպրոցական կյանքը, աշակերտների երազանքների վառ արտահայտումը: Բնավորությամբ անհանգիստ, մշտապես պրպտումների մեջ, եռանդուն, հաճախ էլ պոռթկուն՝ տիկին Պողոսյանն իր գրքով նվեր է արել աշակերտներին:

Տիկի՛ն Պողոսյան, երբ աշակերտը գրքի կազմին տեսնում է իր նկարը, գրքի էջերում գտնում իրեն, անկեղծ ժպտում, ես դա համարում եմ Ձեր կատարած դժվարագույն գործի մեծագույն գնահատանքը: Դուք աշակերտների սրտերում դաջել եք Ձեր անունը:
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի անունից շնորհավորելով Ձեզ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի լույս ընծայման կապակցությամբ՝ ուզում եմ ցանկանալ ստեղծագործական նոր վերելք, ինչպես և, օգտվելով ընձեռված հնարավորությունից, շնորհավորել ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որը տոնել եք օրեր առաջ: Հպարտ եմ, որ այսօր Ձեզ հետ աշխատում եմ նույն դպրոցում, քայլում նույն ճանապարհով, տարիների հետ դառնում ավելի հասուն, ավելի խոհեմ, բայց շարունակում կրկնել, որ Դուք միշտ մնալու եք մեր ուսուցիչը»:
Գոհար Մամունց

Այս նյութը դիտել են - 16738 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook