USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սահմանի մոտ սերունդը անդառնալի կորուստների հիշողությամբ է դաստիարակվում...
2016-03-21 14:50:00
Տպել Տպել

Մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սահմանն է, իսկ մենք զինվորական դիրքերից մեզ հասնող կրակահերթերի արձագանքների տակ դասերը չենք ընդհատում: 

Արթուն անցկացրած գիշերներից ու մեկընդմեջ կրկնվող ցավալի լուրերից հետո ամեն օր յուրաքանչյուր դասարանում ասելիք եմ ունենում` դառը հույզերով շաղախված:

Երբեմն ցավը հոգումս ճչում է աղիողորմ, և անցյալի հուշերիս երկարատև շղթան հրետակոծությունների ծանր շղարշով է պատվում, նկուղային ծանր կյանքի պատկերներն են ուրվագծվում իմ հայացքում, գիշերվա կեսին հարազատ բնակավայրից հեռացած և հայրենի գյուղում փրկության հույս փայփայող փախստականի տեսքով եմ երևում աշակերտներիս:
Տարբեր գյուղերից մեզ միացած բռնագաղթվածներիս քարավանը ձգվում էր դեպի մայրաքաղաք տանող անտառային արահետներով, ուր ոտնահետքեր էի փնտրում բոբիկ ոտքերիս համար` դեռ թարմ հիշողությանս մեջ ունենալով ժամ առաջ հրետակոծությունից մշուշապատված հայրենի գյուղս և վիրավորների հառաչանքները:

Փախստականներիս մեջ սովի մատնված փոքրիկ դստերս համար ճանապարհին մի կտոր հաց հայթայթեցի մի կնոջից` կես բռանս չափ, այն նորից կիսեցի: «Սա էլ մեզ սպասվող ավելի վատ պահի համար, որ ավելի շատ սովածանաս, այն ժամանակ»,-ասացի ես, բայց երեխայիս աչքը իմ թաքցրած հացի երկրորդ կեսի վրա էր:

Դասաժամն աննկատ անցնում էր, կիսատ թողեցի պատերազմական տարիների ցավատանջ հիշողություններս, տպավորությունները ծանր էին, ինձ սևեռված հայացքները` քարացած: Բոլորս լուռ էինք, այդ լռության մեջ մենք գիտակցում էինք, որ Աստված չարասցե, եթե այս անգամ էլ նման բան լինի, գնալու տեղ չունենք, սա մեր տունն է, և մենք կառչած ենք արմատներով մեր նահատակների արյամբ հեղված արցախյան այս սուրբ հողին:

Սերնդին ուսանել է պետք, խուճապը մեզ համար չէ… Ու օրվա թախծոտ տրամադրությունը կամաց-կամաց տեղի է տալիս, և համոզվում եմ , որ միայն հող հայրենիի նկատմամբ անսահման սիրո զգացողություն ունեցող դպրոցականը կարող էր այսպես գրել. «Իմ հայրենիքը տիեզերքն է, մարդկային ողջ ցեղը, իմ եղբայրները, իմ հավատամքը: Հայրենասիրությունն ինձ համար սեր է մի ամբողջ հողի, մայր հայրենիքի, պետականության ու եռագույնի նկատմամբ: Սիրում եմ իմ հայրենիքը և ինչ-որ չափով համարում եմ ինձ հայրենասեր, քանի որ չեմ պատկերացնում իմ առավոտը մեկ ուրիշ երկրում»:/Ջավադյան Վարդուհի/

Թեթևանում է հոգիս, ուրեմն այս նոր սերունդն անդառնալի կորուստների հիշողությամբ է դաստիարակվում և ոգեկոչվում մեր հինավուրց ցեղի պատմական արժանապատվությամբ: Իսկ հայրենասիրության զգացումն ուղեկցում է սերունդներին` որպես անմնացորդ նվիրում, որպես ազգային տեսակը չկորցնելու հոգեկան կերտվածք. «Ակամայից գալիս եմ այն մտքին, որ Արցախն իմ հոգին է, և այդ մտածումներով «Զոհվի՛ր, միայն փրկի՛ր հայրենիքդ» կարգախոսն է իմ սրտում:

Հայրենիք, որ սուրբ է, և որի ազատության համար բազում քաջեր վճարեցին իրենց արյամբ` թողնելով մեզ միայն իրենց շիրմաքարերը` որպես հաղթական կամար, որպես հայի ոգու անպարտելի խորհրդանիշ»/Կարապետյան Արմինե/:

Սահմանի մոտ հրետանային կրակոցների տակ սերունդը հայրենասիրության դաս է սերտում… «Ես հիմա քմծիծաղով եմ տեղեկանում «քաղքենի» աշխարհի խնդիրներին ու ձգտումներին, երբ սահմանին այնքան մոտ եմ»,- ընթերցում եմ փոքրահասակ, բյուրեղյա մաքրությունն իր հոգում կրող, մի անսովոր հեզիկ կերպարի մեջ ամփոփված իմ աշակերտուհու գրած տողերը: Սա մարտահրավե՞ր էր` ուղղված ամբողջ աշխարհին, թե՞ արցախադստեր հոգում ծնված հպարտության զգացումն էր թև առել` գիտակցելով, որ սահմանին այնքան մոտ ապրողին քաջություն է պետք և միահամուռ աղոթք: «Սահմանին այսքան մոտ ապրելով` մենք ուրիշ ենք դառնում: Մեր կենդանի պատվար լինելու գիտակցումը վախի հետ նաև հպարտության գիտակցում է ծնում: Մենք ավելի ենք արժևորում մեր ամեն մի խաղաղ լուսաբացը և հասկանում, թե մեզ շրջապատող օդի պես որքան կարևոր է խաղաղությունը »/Գրիգորյան Սեդա/:
Լռում եմ, բայց անխոս լռությունս աղաղակում է հոգումս, սիրտս տառապում է ցավից, մտքերս նորից սավառնում են դեպի հեռուները… Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ հայի համար կյանքը հավերժական տոն չէ: Սա սահմանն է, իսկ սահմանի մոտ մեզ համար մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով…

ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ  

Արցախի վաստակավոր մանկավարժ,  

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ  

դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1989 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook