USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԽԱՂԱՂ ՕՐԵՐԻ` ԻՆՉՔԱ՜Ն ԼԱՎ ԲԱՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ…
2016-04-18 15:48:00
Տպել Տպել

Մեր խաղաղ օրերին, երբ մեզանից որպիսություն էին հարցնում, չէինք գիտակցում, որ շատ լավ ենք, ու ամեն անգամ մեզ փրկում էր ոչինչ չասող մի երկու բառ, որ մի շնչով վրա էինք բերում` ՈՉԻ՛՛ՆՉ, ԼԱՎ ԵՆՔ…
Իսկ հիմա, երբ այս սարսափելի կայծակնային պատերազմից հետո հարցնում են մեր որպիսության մասին, ես ուզում եմ բարձրակոչ ասել, որ շատ լավ էինք այն օրերին, նույնիսկ գերազանց, ուղղակի մենք չգիտեինք: Հիմա էլ շատ լավ ենք, երբ խաղաղ է օրը, բայց երբ հեռվից են կրակոցները մեզ հասնում, հիմա ենք ասում` ոչի՛նչ, լավ ենք... Իսկ երբ տարհանվեցինք, էլի ասացինք` ոչինչ, համոզված, որ շուտով հետ կվերադառնանք ու կասենք, որ լավ ենք:
Այս պահին, երբ խաղաղ է, անդորր, ուզում եմ ասել, որ ես ինքս շատ լավ եմ, նույնիսկ գերազանց, առավել լավ եմ, երբ կարողանում եմ այս պահին այս տողերը գրել, շատ ավելի լավ եմ, երբ իմ բնակարանում եմ, բայց որքան շատ ու շատ լավ եմ, երբ օրեր առաջ արկակոծվող բնակավայրիս դպրոցում այսօր դասարան եմ մտել... Վեցերորդ դասարանում լսում եմ ամեն մեկի ապրումների մասին, ու նրանց պատմած իրական կյանքին զուգահեռվում են իմ զրույցները, բայց հետաքրքիրն այն է, որ աշակերտների հայացքներում ժպիտ էի տեսնում…
Առջևս նստած աշակերտուհին հանկարծ ժպտալով ասաց, որ օրեր առաջ իրենց գյուղական տան նկուղն է գնդակոծվել, լավ է, որ հասցրել էին ժամանակին դուրս գալ... Դպրոցում մեր ուսուցչուհիներից մեկն ասում է, որ իր բարեկամը վիրավորվել է, բայց նա էլ ժպտում է, լավ է, որ միայն վիրավորվել է, կարող էր ավելի վատ բան լիներ:
Ես հանդիպում եմ մեր ծնողներից մեկին, հարցնում եմ իր զինվոր որդու մասին, որ հիմա ապաքինվում է, նա էլ ժպտում է, շատ լավ է, որ որդուս հետ ավելի վատ բան չի եղել: Ուսուցիչներից մեկին հարցնում եմ իր ավերված տան մասին, որ հիմա մեկ ուրիշի տան են ապրում, նա էլ ժպտալով ասում է` լավ է երեխաներիս հետ վատ բան չի պատահել...
Ու ես մի պահ մտորում եմ` ինչքան լավ բաներ կան կյանքում, բայց մեզ համար այս լավը մեկ այլ իմաստ ունի...
Մենք լավ ենք, երբ մեզ չեն արկակոծում, լավ ենք, երբ այդ օրը զոհեր չկան, ու այսպես լավ օրերով ապրում ենք, բայց երանի թե մեզ համար էլ լավը դառնա մի գեղեցիկ իր, որով երեխադ խաղում է, մի հրաշալի խոսք, որով ապրում ես, մի լավ երգ, որ սիրում ես լսել, գուցե նաև մի լավ հայացք, որ քեզ է ուղղվել...
Ու այսպես շատ լավ բաներ կան, բայց ոչ մեզ համար, մեզ համար ուրիշ է այդ լավը, մեր լավը կապույտ երկինքն է, ամենից լավը` սահմանին կանգնած զինվորի անհոգ ժպիտը:
Խաղաղ օրերի ինչքա~ն լավ բաներ կան, որ մենք կարոտում ենք...

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի  
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1925 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook