USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի չուղարկված, անանուն սիրո նամակ
2016-10-16 13:20:00
Տպել Տպել

Նա չցանկացավ` իր նկարը տեղադրվի, բայց որոշ ժամանակ անց խնդրեց ինձ, որ իր անունն էլ չնշեմ: Ու ես, իմ խոստմանը համաձայն, այս անանուն սիրո նամակը հրապարակում եմ, որը դեռահաս սիրունատես մի աղջնակի` իմ աշակերտուհու սրտագին ու կարոտալից խոսքն է` իր գեղեցիկ սիրո մասին: Տառերն եմ շարում այս չուղարկված, սիրո նամակի, նաև հույսով, որ անանուն հասցեատերն այս տողերում իրեն կգտնի:
Հայոց լեզվի դասանյութն էր` գեղարվեստական ոճ, դասագրքի տնային առաջադրանքը` գրել շարադրություն` համաձայն տրված թեմաների... Իմ աշակերտների համար այնքան էլ դուրալի չէին դրանք, ու ես այդ օրն առաջարկեցի նոր վերնագրեր` «Չուղարկված նամակ», «Կարոտ», «Զղջում», ցանկացած մեկով կարող էին շարադրել իրենց մտքերը: Հաջորդ օրն այդ դասարանում հայ գրականություն էր, բայց նա անհանգիստ ասաց, որ չնայած հայոց լեզվի դասաժամ չէ, բայց ինքը գրել է տնային առաջադրանքը, այն էլ` շատ հուզիչ ապրումներով: Նա ինձ հանձնեց իր գրածը, իսկ ես ընթերցելուց հետո ասացի, որ այն կարող եմ տեղադրել շատերին տեսանելի, եթե իմանամ` դա կօգնի իրեն: Թախծոտ էր նրա ժպիտը, տողերն էլ կարոտալից էին, հուզումնառատ:
«Ցուրտ է, անձրևը կատաղած ծեծում է պատուհանի ապակին, իսկ սիրտս այդ թխկթխկոցի հետ միասին դողում է, քեզ կարոտում: Արցունքներս խեղդում են ինձ, իսկ ես նամակս գրում ու նորից ջնջում եմ, և միշտ նույնը` կարոտում եմ քեզ: Ներսս ուզում է վառվող հրաբխի պես ժայթքել, առանց քեզ դատարկ է շուրջս:
Անձրևի դադարից հետո դուրս եկա փողոց, քարացած կանգնած եմ, մտածում եմ, որ կարոտը ուղղակի բառ է, բառ, որ չի կարող ինձ իշխել: Շփոթված այդ կարոտը փնտրում եմ շուրջս, նա չկա, բայց փողոցի մեջ ծնված սպասումս չի թողնում քայլեմ: Աչքերով քեզ եմ կանչում, փորձում հայացքով որսալ բարի դեմքդ, բայց դու չես երևում, կարոտով, խորտակված մտքերիս մեջ, քեզ եմ բարևում, և կրկին լռությունն է ինձ ապտակում, ու ես սկսում եմ ինձ արհամարհել, իսկ շուրթերիս միայն քո անունն է դողում:
Հիշողություններս, որոնցից անկարող եմ ազատվել, նորից են ինձ տրորում: Կենսախինդ ծիծաղդ, գարնանային տաք արևով լուսավորված հայացքդ, փոթորկոտ աչքերդ խեղդում են ինձ, խորտակում ու հաղթում: Կարոտը կրծում է տխրամած սիրտս, բացակայությունդ անհաղթահարելիություն է դառնում: Ծանր ու մռայլ թախիծը տանում է ինձ դեպի մթություն: Գիշերային լռությունը խախտում են ինձ լսելի դարձած սրտիս զարկերը, սրտիցս պոկված կարոտն անմոռաց անունդ է տալիս: Կարոտով ողողված արցունքներս հոսում են աչքերիցս` ինձ ստիպելով զգալ տաք սառնություն, սահում են տաք ձեռքերիս, որոնք դեպի քեզ են ձգվում: Անգիտակցորեն հոգիդ սիրեցի, սակայն կործանարար հպարտությունս թնդացող կայծակի պես պայթեցրեց սիրտս: Քեզ նայում էին հպարտ աչքերս, այնինչ անտեսանելի աչքերով հոգիս էր լալիս... Ես գիտեի, որ չկայացած հանդիպումներ կլինեն այդուհետ և ավելի գեղեցիկ ու երկա~ր շարունակվող...»:
Թախծախառն գրված այս նամակում բանաստեղծական տողեր կային, ես հարցրի իմ աշակերտուհուն, թե արդյո՞ք իր սեփական ստեղծագործությունն է, նա հաստատեց, որ իր գրածն է: Իհարկե, ոչ բոլորը, բայց հարմար գտա այ տողերն ավելացնել.
Բաց են չսպիացած վերքերս, թաց են սիրահարված աչքերս, Ափսո~ս, դու չկաս իմ կողքին, ինձ տանջում է տառապած հոգիս: Սիրատենչ սիրտս սիրահար` դարձել է անզուսպ, խելագար, Հեռվից ես ձայն եմ տալիս, կրկին արձագանքն է գալիս, Խնդրում եմ, օգնի՛ր ինձ, Տե՛ր Աստված:
Նրա ձեռագիր նամակը մի կողմ եմ դնում, անհանգիստ ապրումներս միահյուսում եմ նրա տողերի տպագիր շարվածքին, և որքա~ն եմ ուզում, որ այս անանուն նամակն իր հասցեատիրոջը գտնի...
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 5776 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook