USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատերազմն ապրում է իմ փխրուն հոգում...Իմ ներսում հոգու պատերազմ է
2017-11-15 08:20:00
Տպել Տպել

11-րդ գ դասարանում եմ: Մինչ դասամատյանը կբացեի, նա մեղմ ժպիտով ինձ տեղեկացրեց, որ ի պատասխան իր ուսուցչուհու նախօրդ օրվա հարցմանը, ինքը գրավոր շարադրանք ունի և ցանկալի է ընթերցի բարձրաձայն: Համակ ուշադրությամբ բոլորս լսում ենք: Երևակայությամբ ես նրա տողերին ու իր ապրումներին եմ ձուլվում...Բայց որտեղի՞ց են ծնվել նրա մտքերը, որ իր հոգու նման փխրուն են՝ մերթ ահուդողի մեջ, վախվորած ու սարսափահար, մերթ հանդարտ և խաղաղ երանությամբ: Ցավալիորեն տխրում է հոգիս, երբ գիտեմ՝ այս սիրունատես արցախուհու հոգում դեռ պատերազմ է, հոգու պատերազմ, որ խաղաղության է տենչում:

«Մատներս ի զորու չեն գործել մտքիս պես, ո՛չ ուժ ունեն, ո՛չ էլ՝ թռչելու հնարավորություն, բայց նրանց միջոցով եմ մտքիս թռիչքը հանձնելու թղթին: Ուսուցչուհուս «Մանակավարժի օրագիրն» էի ընթերցում, մի գիրք, որ անկախ նրանից՝ այդ օրն ընթերցելու եմ թե ոչ, դրված է սեղանիս։ Հարցին, թե ամբողջությամբ կարդացե՞լ եմ, չգիտեի ինչ պատասխանել, ինչպե՞ս ասել, որ խուսափում եմ այն տողերից, որտեղ պատերազմական օրեր կան, արյուն, արտասուք։ Կարդում եմ գիրքը, բայց փորձում եմ զգույշ լինել այն տողերի հետ, որտեղ պատերազմի շունչ կա: Համարձակությունս չէր հերիքում կարդալ այդ օրերի ապրումների մասին...Գուցե վախենու՞մ էի: Ավարայր եմ կարդում, Ձիրավ, Հալիձոր, բայց ուժ չունեմ ապրիլյան պատերազմի մասին կարդալ, նույնիսկ անկարող եմ դարձել, չեմ ուզում դիտել ֆիլմեր, որոնք պատերազմի մասին են։
Դարձյալ պատերա՞զմ, - բողոքում էր ներքին ձայնս։ Ես սարսափում եմ պատերազմից, բայց չկարծեք, թե անձիս համար եմ վախենում: Ո՛չ, ես վախենում եմ, որ հայրենիքս կարոտ կդառնա ինձ համար, որ արցունքախառն աչքերով կլսեմ նրա անունը, և սիրտս չի դիմանա այն ցասմանը, որ այլևս իմը չէ։ Վախենում եմ, որ կքայլեմ օտար, բարեկարգ փողոցներով ու մտքով կկառչեմ իմ հին հուշերից, մեր հին ու ավերակ փողոցները կկարոտեմ ու ծարավ կմնամ հայրենի ջրին, անհագ կարոտով կլցվեմ անգամ հայրենքիս օդի հանդեպ, այո՛, հենց՝ օդի: Ուզում եմ կոտրել իմ մեջ վախը, բայց մինչև չիշխեմ վախին, չեմ կարող հաղթել, խուսափում եմ, ականջներս պինդ փակում եմ, երբ լսում եմ այդ հնչյունների միացումից առաջացած ահասարսուռ բառը։ Մի՞թե տառերը խիղճ չունեն, որ միանալով կազմում են այդպիսի բառ, բայց ինչ անմի՞տն եմ ես, տառերն ի՞նչ մեղք ունեն։
Որոշեցի և հաստատակամ եղա, որ պետք է կարդամ, որ ես ավելի ուժեղ եմ, քան պատերազմ հարահրող թշնամին, որ ոգիս ավելի զորեղ է: Եվ հասկացա, որ միայն ես չէի անորոշության մեջ, որ ինձ նման քանի՜-քանիսն էին այդ սոսկալի վիճակում, երբ հոգիդ ձգտում էր դեպի կործանարար անդունդը։ Հոգումս մի մեծ խոց էր թողել պատերազմը, բայց հոգուս բացը լրացավ , և ինչքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի օրերին հնարավորություն ունենայի այդ գրքի տողերը կարդալ: Ես իսկապես այն օրերին այդ խոսքերի կարիքն ունեի, իմ անմխիթար վիճակին իրապես անհրաժեշտ էին հոգու այդ «դեղերը»: Ինքս ինձանից փախչելով՝ խնդիրը չէի լուծի, բայց իմ մեջ արմատներ գցած վախին կարողացա հաղթել: Ու ես հաղթեցի։
Պատերազմի նախօրեին էր, երբ հիանում էի աստղերով, երազանքներս հասել էին այնտեղ՝ աստղերի մոտ, դրանք ձուլվել էին աստղերի երազային լույսի հետ և ավելի էին պայծառացել: Չէի կարող անգամ երևակայել, որ երազներս կմնան հեռուներում ՝աստղերի լույսի տակ սքողված, և որ անգամ կխուսափեմ նայել աստղերին: Այսօրվա պես հիշում եմ այդ պարզկա գիշերը, որ իմ անհոգ կյանքի վերջին երազային ակնթարթն էր: Պատերազմն ավարտվեց, բայց այն չէր ավարտվել իմ փխրուն հոգու մեջ, սկսվել էր ավելի սոսկալին՝ հոգու պատերազմ, որ իմ ներսում էր:
Բայց հիմա նորից ընկերացել եմ աստղերի հետ, վախն ու սոսկալի պաշարումներն իմ մեջ սպանելով՝ ուզում եմ դառնալ նույն երազկոտ աղջիկը, բայց պատերազմն արդեն իր չմարող շունչն է թողել հոգուս ներսում և ինչքան էլ դառնամ երազկոտ, միևնույն է, առաջին երազանքս խաղաղությունն է լինելու: Ուզում եմ տեսնել մի մեծ ծիածան՝ կամարված հայրենիքիս երկնակամարում, և ուզում եմ , որ դա խաղաղության ուխտ լի՝ նվիրական, չխախտվող ուխտ»:
Մի քանի անգամ կարդացի Տաթևիկ Ղահրամանյանի տողերը, որ իմ հոգուն էլ տխրություն բերեցին: Որքա~ն նուրբ է նա, հմայիչ, բայց պատերազմն իր հետքերն է թողել այս լուսավոր էակի հոգում, և որքա~ն շատ երազանքներ ունի նա: Իսկ ես ուրախ եմ, որ իմ օրագրային պատերազմական գրառումները նրան օգնել են նորից աստղերի հետ ընկերանալ և դառնալ նույն երազկոտ աղջիկը, ով շա~տ-շատերի նման խաղաղություն է երազում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 16560 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook