USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի նոր կյանքի արշալույս
2019-04-14 21:42:00
Տպել Տպել

Դպրոցի ուսուցիչներս տնօրենի հետ հրավիրված էինք հարսանյաց հանդեսի: Պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանի և Կամո Միրզախանյանի նորաստեղծ միությունը ուրախ տրամադրությամբ ողջունում ենք, բարեմաղթանքի խոսքեր հնչեցնում: Աննկարագրելի երջանկության մի աստղաբույլ էր ասպարեզում, երբ բոլորիս հայացքն ուղղված էր նրանց՝ շուրջբոլորը համակած հիացական բերկրանքով: Այդ մի քանի ժամերը պարգևեցին մեզ խաղաղ ապրելու այն նրբին զգացողությունը, որին հաճախ մենք կարոտում ենք՝ ապրելով սահմանամերձ Մարտակերտում:

Նկարագրել այդ հանդիսության յուրահատուկ շարժը, անհնար է, երբ յուրաքանչյուրը յուրովի երանության պահ էր ապրում, ու երջանկությունն էր մեր շուրջը թևածում: Ուրախ երաժշտությունը, երգն ու պարը մի ամբողջ հրաշալիք էին փռել մեր առջև, շնորհաշատ հանդիսվարի միջոցով ականատեսը դարձանք մի գեղեցիկ արարումի, որտեղ հարսի ու փեսայի մեղմորեն թևածող պարերն էին մեկընդմեջ ուղեկցվում, մասնակիցների ռիթմիկ պարային շարժումները, ճոխ սեղանների միջև առողջ մրցակցությունը...Շատ ավելի աշխույժ տրամադրություն ստեղծեցին կրակոտ երաժշտությունն ու նույնքան կրակոտ և զվարճալի բազմաոճ պարերը:

Մարտակերտում նոր ընտանիք էր ձևավորվում, իսկ այն մեծագույն ուրախություն էր պատճառել բոլորիս, նույնիսկ դպրոցի աշակերտությանը, իսկ 8-րդ ա դասարանցիների, նրանց ծնողների համար յուրահատուկ տոնական օր էր, որ իրենց դասղեկ Գաբրիելյանի կյանքում մի նոր լուսավոր էջ է բացվել: Սա այն է, որին սպասել ենք շատ երկար, երբ ականատես էինք մեր կողքին տարիներ շարունակ արարող ուսուցչուհու, ով մեր ժողովրդի անցած ու ներկա դժվարին կյանքն է ուսուցանել սերնդին, պատմության դասերով դաստիարակել նրանց, հայրենասիրության սերմ ցանել նրանց սրտերում: Նա անցել էր պատերազմների, բռնագաղթի ու կյանքի դժվարին ճանապարհներով, սրտում կորստյան ցավ ունեցել, բայց վերադարձել է ծննդավայրը, այս սուրբ հողը կանչել է նրան, որ շարունակի սերնդի հայեցի դաստիարակությունը: Եվ ազգային շունչ տալով իր ամեն խոսքին՝ հնչեցրել է մարդասիրության այն բարձր որակները, որ միշտ ուղեկցել են սերունդներին:
Միշտ էլ ականատես եմ եղել ուսուցչուհու, ով հարգվել ու սիրվել է իր աշակերտների, նրանց ծնողների, դպրոցի ուսուցիչների կողմից: Բայց այս կյանքում ի՞նչն է նրան շատ ավելի երջանկացրել, երևի թե իր ընտանեկան մտերմիկ միջավայրը, նրանց փոխադարձ սերը, իսկ այդտեղ ծերացած հայր կա, իր ուրախությամբ ապրող սիրված քույրեր կան ու, միշտ ապրելով հայրական տանը, նա զգացել է եղբոր՝ Ժիրայր Գաբրիելյանի, նրա կնոջ՝ Մարգարիտայի ու նրանք երեխաների հոգաչափ նվիրվածությունը: Նույնիսկ եթե հարցնելու լինեմ՝ եղբա՞յրն էր շատ ուրախ քրոջ երջանկությամբ, թե քույրը՝ իր կյանքի արշալույսով, նախընտրությունը կտայի հարազատ եղբորը, երբ ականատեսը դարձանք տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած անձնավորության պարզ ու անմիջական ուրախությանը: Նմանապես մի ներքին զսպվածությամբ հարգանքս եմ ուզում արտահայտել Կամոյի մայրիկին, իր բոլոր հարազատներին, քավորին ու քավորկնոջը, նրանց բոլորի ջերմագին ապրումներին, ովքեր ուրախացել էին այս նորաստեղծ միությամբ:

Ժամանակը թանկ է բոլորիս համար, իսկ Արշալույսի համար այդ ժամանակը շատ ավելի թանկ էր, երբ իր անձնականի համար ժամանակ չի ունեցել: Նա իր սերն ու խորհուրդները փոխանցել է շրջապատին, ապրել հայրենի հողի սիրով, իր երկրի անհանգիստ կյանքով՝ կարծես մոռացության մատնելով իր անձնականը: Գուցե և երջանկության մասին մտորումները հոգու խորքում խմորվե՞լ էին, բայց սիրո ապրումները նրա մոտ ի հայտ եկան Կամոյի հանդեպ...Ու նրանք իրար գտան հասուն մտածելակերպով, մարդկային կայացած ազնվագույն որակներով՝ հավատացած, որ իրենց ստեղծած ընտանիքը մարտակերտցիների ու հաթերքցիների միջև մի նոր բարեկամության սկիզբ կդառնա:
Յուրահատուկ ճոխությամբ ու շուքով անցավ հարսանյաց արարողությունը, այն կյանքի կարևորագույն օր դարձավ, երբ ավանդականն ու նորը միահյուսվել էին իրար՝ լույսերի բազմերանգ ներկապնակով, պերճախոս կենացներով, հրավառությամբ օծված: Բոլորիս շնորհավորանքներն էլ բազմերանգ էին՝ խաղաղ կյանքի ու նորաստեղծ ընտանիքի երջանկության բազմաշերտ ցանկություններով համեմված:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 25549 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook