USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դպրոցականի կողմից սիրո առեղծվածի մի յուրահատուկ բացատրություն
2016-09-07 09:46:00
Տպել Տպել

Գրավոր շարադրանքը, որ ինձ հանձնեց իմ աշակերտուհին 12-րդ հումանիտար դասարանում, մի պահ զարմանալի թվաց: Նա չցանկացավ ընթերցել, ինձ հանձնեց տետրը….Հայացքս վազում էր տողերով, ու ես դեռ չավարտած ընթերցանությունս՝ հարցնում եմ նրան, թե արդյո՞ք անձնական կյանքում ինչ-որ զգացմունքային ապրումներ ունի: Նա միայն ժպտում է, երբեմն ծիծաղում, բայց նաև բարձրաձայնում է շատ ազատ ու անմիջական, որ սերը միակ բանն է, որի մասին կարելի է անընդհատ խոսել, չնայած ինչքան էլ բառերով բացատրվի, միևնույն է, բառերը դառնում են շատ խղճուկ, անհեթեթ ու ծիծաղելի:
Դեռահասի կողմից սիրո առեղծվածի մի յուրահատուկ բացատրություն էր սա, որ կրկնություններին զուգահեռ՝ սիրո մասին միտքը լրացվում էր նոր հարցադրումներով, ու ես մեկընդմեջ նայում եմ նրա ծիծաղկոտ ու երբեմն թախծալից դարձած աչքերին, ու ինձ թվում է՝ իր տողերում նրա հոգու անհանգիստ ալեբախությանն եմ ականատես դառնում:
«Սերը ամենաանբացատրելի զգացմունքն է, բայց ինչու՞ ենք մենք այդքան հաճախ փորձում այն բացատրել: Սերը վստահություն է, սակայն ինչու՞ մենք սիրում ենք հաճախ, բայց չենք վստահում ու խանդում ենք: Սերը երջանիկ ծիծաղ է, բայց ինչու՞ է սիրո պատճառով հաճախ մեր աչքերում արցունքներ հայտնվում: Սերը հիվանդություն է, սակայն ինչու՞ մինչև այսօր ոչ ոք չի բուժվել այդ հիվանդությունից, և ոչ ոք չգիտի՝ ինչպես բուժվել: Սերը ազատություն է, բայց ինչու՞, երբ մենք միայնակ ենք և չունենք մեր երկրորդ կեսը, ասում ենք՝ ազատ ենք: Սերը հարստություն է, բայց մենք այդպես էլ այն գնահատել չենք սովորում: Սերը սրտերի ջերմություն է, բայց մենք հաճախ սառնություն ենք զգում: Սերը մեզ ուժեղ է դարձնում, բայց ինչու՞ է այն մեր թուլությունը դառնում: Սերը ամենանուրբ ու գեղեցիկ ծաղիկն է բոլոր ծաղիկների մեջ, բայց, չգիտես ինչու, շատ հաճախ այն փշեր է ունենում: Սերը մեր ամեն ինչն է, սակայն ինչու՞ երբ մենք սիրում ենք, մեզ, միևնույն է, ինչ-որ բան պակասում է: Սերն այն է, ինչը մեզ կործանում է, բայց առանց սիրո մենք ինքներս ենք մեզ կործանում»:
Նորից հայացքս հառում եմ տողերին, ապա այս օրերի իմ լուսանկարների մեջ փնտրում եմ այն գեղեցկատես աղջկան՝ Լիլիթ Հովսեփյանին, մտովի զրուցում եմ իմ աշակերտուհու հետ և հետո կրկնում նրա խոսքերը. «Երբեմն փորձում եմ կտրվել աշխարհից, առօրյա մեր հոգսերից ու խոսել մի թեմայից, որը շատ հաճելի է ու գեղեցիկ: Բայց միևնույն է, ինչքան էլ բացատրելի ու անբացատրելի լինի այդ առեղծվածը, սիրո միակ իմաստը մնում է սիրո մեջ»:
Իմ աշակերտուհու սրտի անհանգիստ տվայտանքները փոխանցվում են ինձ, ինքս ինձ հետ մենախոսում եմ, փորձում գտնել այն խոսքը, որ «կփրի» նրան, բայց նորից արձագանքն եմ լսում նրա խոսքերի. «Սերը երջանկություն է, բայց ինչու՞ ենք մենք հաճախ սիրո պատճառով մեզ դժբախտ համարում…»:

Նորից հիշում եմ նրա երկիմաստ ժպիտը, բայց որքա՜ն եմ ուզում, որ նա երջանիկ լինի…

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 8461 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook