USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մտահոգվում եմ, երբ սերունդն է տխրում
2016-09-13 13:06:00
Տպել Տպել

12-րդ դասարանցիների այսօրվա գրած տողերն ինձ մտահոգվելու առիթ տվեցին: Հայոց լեզվի դասանյութի թեմային համահունչ հանձնարարված առաջադրանքը ոմանց անկեղծ արտահայտվելու հնարավորություն էր տվել: «Ո՞վ եմ ես» հարցումը անկեղծանալու հրաշալի թեմա էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացավ իր դրական ու բացասական բնավորության գծերով, բայց կային տողեր, որ մտորելու տեղիք տվեցին: «Իմ համար ամենադժվարը ապրելն է»,-կարդացի առաջին նախադասությունն ու կանգ առա…Մի՞թե այս տարիքի դպրոցականի համար կյանքն իր հետաքրքրությունը չունի. «Դժվար է ասելը, բայց կարծես կյանքի հոգնածություն ապրած լինեմ: Շատ շուտ եմ հուզվում` նույնիսկ ամեն փոքր բանից, երբեմն էլ սկսում եմ լացել: Ինձ նաև ասում են` մի ամբողջ կյանք ապրած մարդ ես» /Աբրահամյան Ռուզաննա/:
Ընթերցում եմ մեկ ուրիշ աշակերտուհու տողեր, տեսնում եմ, որ նա էլ սրտի անկեղծ խոսք է գրել, երբեմն լավատեսական տողերին միահյուսված` տխրալից մտքեր. «Ինձ թվում է` ես ծնվել եմ աշխարհ կառավարելու համար, բայց միևնույն ժամանակ, ես ինձ դժբախտ եմ համարում, իսկ դրա մասին իմ շրջապատում մինչև հիմա ոչ ոք չգիտեր» /Ղուլյան Գեղեցիկ/: Որտեղի՞ց են գալիս այս հոռետեսական տրամադրությունները, ես ինքս էլ մտահոգ եմ նոր սերնդի անկեղծ խոսքից: Ահա դասարանի միակ տղան, բայց որքան էլ նա չսիրի ուշադրության կենտրոնում գտնվելը, այն առկա է, երբ շրջապատված է աղջիկներով: «Ես հասարակ, չխոսկան, ինքնամփոփ տղա եմ, սիրում եմ մենակության մեջ ապրել ու խորհել, չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց նաև պայքարող եմ» /Աղաբեկյան Սեյրան/:
Փնտրում եմ լավատեսություն արտահայտող մի քանի տողեր, բայց նորից ներսուզվում եմ իմ աշակերտների հոգու մեջ, որտեղ անհանգիստ ապրումներ կան. «Ես տարբերվում եմ մյուսներից իմ անչափելի համեստությամբ: Բնավորությանս այդ գիծը չեմ սիրում, հենց դրանից է, որ սիրում եմ լռությունը, այդ լռության մեջ եմ գտնում իմ հանգստությունը, բայց ցանկանում եմ լինել ազատ ու անկաշկանդ, որն ինձ մոտ չի ստացվում»/Արզումանյան Լադա/: Այս ժպտերես ու մեղմ բնավորությամբ աղջիկը թուլություն ունի, ով վստահում է բոլորին ու հավատում, բայց կարծես համամիտ չեմ նրա այս տողերին. «Ես շատախոս եմ և անկայուն, որոշումներ դժվարությամբ եմ կայացնում» /Կարապետյան Արմինե/:
Գոնե այս մեկը, անմեղ ժպիտը դեմքին ճառագած, մի քանի տողում նկարագրել էր իրեն, թեկուզ չէր սիրում իր մասին խոսելը, բայց նա էլ մյուսների նման գերադասում է մենակությունը. «Երբեմն սիրում եմ կտրվել ամեն ինչից ու մենակ մնալ: Սիրում եմ նաև երկար ճանապարհ գնալ, երբ մենությանս մեջ կարող եմ մտածել ամեն ինչի մասին» /Ջավադյան Վարդուհի/: Բայց տարիներ շարունակ իմ առջև նստած այս համեստ աղջնակը ինչու՞ է իրեն համարում բարդ բնավորության տեր, մի բան, որ երբևէ չեմ նկատել. «Իմ կարծիքով, ես շատ բարդ անձնավորություն եմ, բնավորությունս փոփոխական է, ամեն ինչ ընդունում եմ սրտիս մոտ և շատ շուտ էլ հուզվում եմ ամեն մի չնչին բանից» /Կարապետյան Սյուզաննա/:
Որքա~ն եմ ուզում, որ այս պատերազմ տեսած դեռահասները կենսախինդ լինեն, ապրեն լիառատ կյանքով, ու ես ինքս էլ, նրանց հետ մենախոսելով, փնտրում եմ մեր համատեղ լուսանկարը, որ մի քանի օր առաջ էինք նկարվել: Լռին մենությանս մեջ լուսավոր կյանքի նոր երազանքներ եմ ցանկանում նրանց և իմ աշակերտների անհանգիստ ապրումները, հոգուս մեջ թանձրացած, ուզում եմ նրանց մտորումները եզրափակել իրենց համադասարանցու` Անուշ Դանիելյանի տողերով` համոզված, որ չնայած տխուր են իրենց մտքերում, բայց յուրաքանչյուրն էլ այս կյանքում ընտրած ունի իր համար ճիշտ ապրելու ձևը: «Ես փորձում եմ կյանքս ապրել արժանապատիվ, չեմ սիրում քննադատել մյուսներին և ունեմ կարգախոս. «Քննադատելուց առաջ դու անցի՛ր նրա ճանապարհով, տե՛ս նրա արցունքները, զգա՛ նրա ցավը, դիպչի՛ր ամեն մի քարի, որից նա սայթաքել է, և դրանից հետո ասա՛, որ դու գիտես ճիշտ ապրելու ձևը» »:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 8295 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook