USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մաքրագործման ճանապարհ, որ հավատարմության երդում է դառնում առ հայրենին
2017-06-08 02:22:00
Տպել Տպել

Արցախ աշխարհի մի հրաշալի բնապատկեր... Բնության հետ հանդիպումը հավատարմության երդում է դառնում հայրենիքին: Հենց հայրենապաշտությունը ծնվում է բնաշխարհի այսպիսի գեղեցկությունների հանդեպ ունեցած սիրուց, այսպես ենք զգում և վայելում դրա քաղցրությունը: Երջանկության վայելքն ենք ապրում այս բնաբեկորի կողքին, զգում, որ ներդաշնակություն կա բնության ու մարդու միջև, և գեղեցիկ է դառնում այս հանդիպումը բնության հետ, որ թվում է` հավատարմության երդում է առ հայրենին:

Բնության ծոցում վերանում ենք բոլոր հոգսերից, բայց նաև զգում, որ բնությունն էլ կարծես ազգային խառնվածք ունի, իր մեջ կրում է հայ մարդու բնավորությունը, նրա պատմական բախտի ու երազանքների արձագանքները:

Արևոտ է օրը, ու հանկարծ հորդառատ անձրև, ապա արևը նորից իր շողերն է փռում, բայց նորից անձրևոտ օրը հագենում է կարկտի սպիտակ գնդիկներով, որ բռանդ մեջ հալվում են արագ: Լվացվում է բնությունը, զմրուխտ հագած ցողաթաթախ բնաշխարհը կարծես իր ժողովրդի անցյալի ապրումների արձագանքողն է դառնում: Եվ այդ հրաշք բնության մեջ ուզում ենք մոռացության տալ հոգի կսկծացնող վշտերը, որ միշտ մեզ հետ են, մեր ներսում ամբարված:
Մեր սահմանամերձ բնակավայրից հեռու` այստեղ մոռանում ենք պատերազմի սպառնալիքը, որի վտանգը դամոկլյան սրի պես մեր գլխին է կախված: Բնության այս գողտրիկ անկյունում հայտնաբերում ենք ինքներս մեզ, մեր հոգիների մաքրագործման ճամփան ենք փնտրում, ընկղմվում երանավետ անդորրության մեջ: Օդի մեջ բարձրացած թանձր փոշի չկա այստեղ, որ երբեմն մեր կողքին պտույտ է գործում, հոգնած կյանք չկա այստեղ, երբ բնությունն է իր կենսախինդ ժպիտով մեր հոգուն գգվում:
Մարդկային թերություններն անգամ մոռացվում են բնության գրկում, որ առկա են հասարակության մեջ, այստեղ գզվռտոց չկա, մարդը բնության հետ համերաշխ է, սիրտ կեղեքող մարմաջից ազատված: Ինքնաճանաչման լիարժեք սահման է սա, որի շքեղությունից արբած` հայացքներս հառում ենք կարծես տիեզերական անվերջությանը, ձգտում հասնել կատարյալին, որ միշտ էլ անհասանելի է դառնում այս անցողիկ կյանքում:
Այստեղ բնությունը հոգու մերձեցում է դառնում, մի նոր թարմություն, որ մաքրագործման ճանապարհ է ցույց տալիս մարդուն, անաղարտ ապրելու նոր ուղի: Լիառատ շնչում ենք այս մաքուր օդը, մտովի մենախոսում բնության հետ ու մարդկանց էլ նորովի ենք տեսնում` նյարդային ջղաձիգ նկարագրից, ողբերգական լարված ապրումներից դուրս, անորոշության թանձր մշուշից ազատված: Եվ բնությունը դառնում է այն կենսատու լույսը, որ ցույց է տալիս մաքրագործվելու և խաղաղ ապրելու ճանապարհը, որի սիրուց էլ ծնվում է հային ուղեկցող հայրենապաշտությունը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 36964 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook